Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի թվով 8 համայնքում, 2019թ. սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների հետ կապված, «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի կողմից կատարված ասֆալտբետոնե ծածկի հանուկի լաբորատոր փարձարկման արդյունքներով մի շարք ծրագրերի առումով ճանապարհաշինական պահանջները չբավարարելու վերաբերյալ բացասական եզրակացություն է տրվել: Մինչդեռ մինչ այդ, նույն ծրագրերի առումով, կապալառու կազմակերպությունների կողմից պատվիրվել էին ասֆալտբետոնե ծածկի հանուկի փորձարկումներ երկու այլ կազմակերպությունների: Վերջիններիս տրամադրած տվյալներում, «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի կողմից կատարված լաբորատոր փորձարկումների համեմատությամբ, եղել են իրարամերժ տեղեկություններ:

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԳՎ-ՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ԳՈՒԳԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՐԴԵՀՎԱԾ ՓԱՅՏՅԱ ԿԱՑԱՐԱՆԻ ԹՎՈՎ 7 ԸՆՏԱՆԻՔԻ 20.01.2020
ՀՀ կառավարությունը նախորդ տարեվերջին որոշում կայացրեց Լոռու մարզի Գուգարք համայնքի Էներգետիկների 3-րդ փողոցի հրդեհված N5 բազմակացարան ոչ հիմնական շինության նախկին բնակիչներ հանդիսացող թվով 7 ընտանիքի բնակարանային խնդիրը բնակարանի գնման վկայագրերի(ԲԳՎ) տրամադրման միջոցով լուծելու մասին: Այդ նպատակով ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացվեց շուրջ 27 մլն 500 հազ.դրամ: Այս ընտանիքները դեռևս 2015թ.-ին դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած չարաբաստիկ հրդեհի հետևանքով մնացել էին անօթևան և, գտնվելով սոցիալապես անապահով վիճակում, մեծամասամբ բնակվում էին վարձով՝ նաև մարզպետարանի տրամադրած աջակցությամբ:
Հունվարի 15-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարը վերահաստատեց իր դիրքորոշումը մարզպետարանում ստորաբաժանումների և մարզային ենթակայության հիմնարկների գործունեության հետ կապված՝ նշելով, որ 2020թ. ակնակալում է առավել թիմային, հետևողական և պատասխանատու աշխատանք՝ նոր մոտեցումերին համահունչ գործելաոճ:
Զբոսաշրջային մի շարք կազմակերպություններ Ամանորի տոնական օրերին Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի պատմամշակութային զբոսավայրերով քայլարշավ իրականացնելով՝ ֆեյսբուքյան հարթակում բազմաթիվ դժգոհություններ ու ահազանգեր էին հնչեցնում՝ կապված հատկապես համայնքի տարածքում գտնվող Ծաղկեվանք և Հոռոմայր տանող ճանապարհներին կուտակված կենցաղային աղբի ու անգամ շինարարական թափոնների վերաբերյալ: Հարցի քննարկման նպատակով Լոռու մարզպետի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը քննարկում էր կազմակերպել Օձուն խոշորացված համայնքի և նրա կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարների, ավագանու անդամների, մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների և զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հունվարի 15-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Կոտտոնի» ընկերության հիմնադիր Կարեն Դասոյանին: Նորաստեղծ ընկերությունը զբաղվում է հագուստի արտադրությամբ և նախորդ տարի նոյեմբեր ամսին կարի արտադրամասեր է հիմնել Ալավերդի և Վանաձոր համայնքներում: Ալավերդիում աշխատակիցների թիվը 80-ից ավելի է, Վանաձորում՝ շուրջ 50, սակայն ընկերությունը ընդլայնվելու մեծ ցանկություն և հնարավորություններ ունի: Մարզի ղեկավարի հարցին ի պատասխան սեփականատերը պարզաբանեց նախորդ տարեվերջին Ալավերդում գործող ֆաբրիկայում առաջացած դժգոհությունների պատճառները՝ նշելով, որ խնդիրները հարթված են:
Հունվարի 16-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանին և ներկայացուցիչ Սերգեյ Հակոբյանին: Հանդիպմանը ներկա էր նաև փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը: Ինչպես հայտնի է, հիմնադրամը մեծածավալ բարեգործական ծրագրեր է իրականացնում Լոռու մարզի մասանվորապես՝ Հարթագյուղ համայնքում՝ աջակցելով սոցիալական խնդիրների հաղթահարմանը, գյուղատնտեսության զարգացմանը, և լուրջ արդյունքներ է գրանցել ու այժմ մեծ ցանկություն կա աստիճանաբար ընդլայնելու ծրագրերի իրականացման աշխարհագրությունը: Նոր ծրագրային առաջարկներով ու գաղափարներով էին Մարիամն ու Սերգեյը եկել մարզի ղեկավարի հետ հանդիպման: Նրանք տեղեկացրեցին, որ Կուրթան համայնքում նախատեսում են հիմնել կարի՝ առայժմ փոքրիկ արտադրամաս, որը շահույթ չի հետապնդելու, այլ միայն նպատակ ունի վճարելու աշխատավարձեր և գնելու հումք, իսկ վերջիններիս համար միջոցները կձևավորվեն արդեն արտադրանքի վաճառքից: Նախատեսում են աշխատողներ ներգավել ոչ միայն Կուրթան, այլև Վարդաբլուր բնակավայրից՝ աստիճանաբար ընդլայնվելու հեռանկարով:



