Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Պատմամշակութային ԵՎ բնության հուշարձանները

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԼՈՌՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ Լոռին այդ թանգարանի ամենաուշագրավ և հարուստ սրահներից մեկն է: Լոռու տարածքում մարդու մշակութային գործունեության հետքերը գալիս են վաղնջական ժամանակներից: Այդ մասին են վկայում դեռևս 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Ախթալայի և Շամլուղի մերձակայքում ՝ Ժակ Մորգանի, Սանահինում և Դսեղում՝ Ալ. Երիցյանի, Որնակում (այժմ՝ Ակներ)՝ Ն.Մառի, Հաղպատում, Պրիվոլնոյեում, Յաղդանում՝ Ե. Թաղայաշվիլու, Օձունում՝ Ս. Տեր-Ավետիսյանի և այլոց պեղումներով ի հայտ եկած մ.թ.ա 3-րդ-1-ին հազարամյակներին վերաբերող մշակույթի արժեքավոր հուշարձանները, նաև հետագայում Դեբեդի ավազանի, Կիրովականի, Լոռի Բերդի, Քոսի Ճոթեր, Ղարաքոթուկ, Լորուտ և այլ հնավայրերի պեղումների արդյունքները:
Լոռվա տարածքում շինարարական կյանքը վերելք է ապրել հատկապես Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի թագավորության ժամանակ (10-12-րդ դարեր), երբ այդտեղ նոր թափ է ստանում տնտեսական և առևտրային գործունեությունը: Այդ ժամանակ է, որ ընդլայնվում են Հաղպատի, Սանահինի վանքերը, հիմնադրվում են նորերը՝ Քոբայրը, Հոռոմայրը, Խորակերտը և այլն: Երկրամասի պաշտպանությունն ապահովելու նպատակով կառուցվում են Լոռե, Քուլեթ, Ախթալա, Կայծոն, Գագ և այլ բերդեր, որոնք կարևոր եղան Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների անվտանգության, կենտրոնական Հայաստանից Գուգարքով դեպի Վրաստան տանող ճանապարհի մատույցների պահպանման համար: 11-րդ դարի կեսերին սելջուկները Ալփ Ասլանի գլխավորությամբ նվաճում են Լոռին, հաստատելով այնտեղ իրենց գերիշխանությունը: Լոռու հուշարձանները մեծ չափով տուժել են և կողոպուտի ենթարկվել Ղըզըլ Ամիրի գլխավորած հրոսակախմբերի ասպատակությունների ժամանակ (1104թ.): Սելջուկների տևական գերիշխանությունից երկրամասն ազատագրվել է վրաց զորքերի համագործակցույթամբ 1118-1122թ.թ. և անցել վրաց Օրբելյաններին: 1177թ. վերջերին խռովության անհաջող ելքից հետո Լոռու (նախկինում Տաշիր-Ձորագետի թագավորություն) տարածքը տրվել է ոմն Խուբասարի, իսկ 1185-ից դարձել Զաքարյան իշխանական տոհմի վրացադավան ներկայացուցիչների ժառանգական սեփականությունը, որով այնտեղ սկսվել է վերելքի նոր շրջան: Այդ շրջանում են կառուցվել և ավարտուն տեսք ստացել Ախթալայի, Քոբայրի, Մշակավանքի, Հոռոմայրի, Խորակերտի, Խուճապի և այլ վանքային համալիրները: 12-13-րդ դարերում Լոռիում՝ հատկապես Դսեղում աչքի ընկնող շինարարական գործունեություն է ծավալում Մամիկոնյան իշխանական տոհմի ճյուղը: 13-րդ դարի 30-ական թվականներին մոնղոլական նվաճումների հետևանքով , այնուհետև 14-րդ դարի վերջերին Զաքարյանների ֆեոդալական տան քայքայումով դադարեցվել է Լոռու տնտեսական-մշակութային կյանքի վերելքը: Զաքարյաններից հետո մինչև 19-րդ դարը այնտեղ իշխել են նրանց շառավիղները՝ Արղության- Երկայնաբազուկները: 1801 թ. Տաշիր-Ձորագետը Վրաստանի հետ միացվեց Ռուսաստանին, փրկվելով պարսկական ծանր լծից:

ՍԱՆԱՀԻՆ


Սանահինի վանքը հայ միջնադարյան ճարտարապետական աչքի ընկնող համակառույցներից մեկն է և նշանակալից դեր է կատարել հայ հոգևոր ու մշակութային կյանքում: Այդտեղ են հայ դպրության գործին իրենց հարուստ գիտելիքներն ի սպաս դրել մշակութային և կրոնական նշանավոր գործիչներ: Հոգևոր դպրոցի սաներից է եղել մեծ երգիչ Սայաթ Նովան: Ավելի քան հազարամյա պատմության ընթացքում Սանահինի վանքն ունեցել է տնտեսական, շինարարական և մշակությաին կյանքի վերելքի և վայրէջքի շատ շրջաններ: Բազմիցս ենթարկվել է ասպատակությունների և ավերի: Մեծ չափով տուժել է տարերային աղետներից: Մեր ժամանակները չեն հասել Կյուրիկյանների դամբարանը, հյուրատունը, տնտեսական արտադրական բնույթի շենքեր: Սանահինի վանքը, ինչպես նաև նրանից 6 կմ հեռավորության վրա գտնվող Հաղպատի վանքը հիմնադրել են քաղկեդոնական դավանանքը մերժելու համար՝ բյուզանդական Ռոմանոս 1-ին կայսեր կողմից հալածական մի խումբ հայ կրոնավորներ, 10-րդ դարի առաջին կեսին: Կառուցվել է այն տեղում, ուր ըստ ավանդույթի Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում խաչ է կանգնեցրել: Սանահինի վանքը հիմնադրվել է փքրի-ինչ ավելի վաղ, քան Հաղպատինը: Վանքը գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում: Բաղկացած է 10-13-րդ դարերում կառուցված, հիմնականում ամբողջական վիճակում գտնվող պաշտամունքային և քաղաքացիական մեծ թվով շինություններից: Պարսպի մեջ առնված հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցիներից, գրատուն մատենադարանից, գավթից, նախագավթից, զանգակատնից, հոգևոր դպրոցի և գրատան սրահներից, դամբարաններից:

ՀԱՂՊԱՏ

Հաղպատի վանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, որում առավել ակնառու են դրսևորված զարգացած միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը՝ գեղատեսիլություն, շրջապատող միջավայրի հետ ներդաշնակ կապ, տարածական հավասարակշռվածություն և որ շատ կարևոր է՝ աշխարհիկ մտածողության և աշխարհիկ շինությունների գերակշռություն: Վանքը հայտնի է որպես միջնադարյան հոգևոր և մշակութային կարևոր կենտրոններից մեկը, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն: Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել է երկրաշարժերից: Հաղպատի վանքը սերտորեն ընդհանրանում է իր հռչակավոր հարևանի՝ Սանահինի վանքի հետ ոչ միայն պատմական ճակատագրով և ժամանակագրական մերձությամբ, այլև հորինվածքային գծերով, հուշարձանների կազմով, ճարտարապետական-գեղարվեստական լուծումներով, կոնստրուկտիվ հնարքներով: Վանքը գտնվում է Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում և դիտվում է շրջակա ողջ տարածքից: Այն շրջափակող պարսպից ներս գտնվում են մեկը մյուսից զարմանահրաշ, առինքնող ու մարդամոտ պաշտամունքային և քաղաքացիական շենքեր և շինություներ, որոնցից առավել կարևորներն են՝ Ս. Նշան. Ս. Գրիգոր, Ս. Աստվածածին եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը և այլն: Հիմանակն կառույցները խմբավորված են Ս. Նշան եկեղեցու շուրջը, սերտորեն ներդաշնակելով իրար և կազմելով միասնական ճարտարապետական համակարգ: Հաղպատի հուշարձանախմբի հիմնադրումը հաշվվում է 976 թվականից, երբ Աշոտ Գ Ողորմածի կին Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ սկսվեց վանքի գլխավոր կառույցի Ս. Նշան եկեղեցու շինարարությունը:

ԼՈՌԵԲԵՐԴ 

Լոռե կամ Լոռեբերդ տանող ճանապարհն անցնում է Ստեփանավան քաղաքով: Վերջինիս հարավ-արևմտյան եզրին գտնվում է եկեղեցու՝ միանավ դահլիճի խորանի մնացորդը՝ պատերի առանձին երկու զանգվածի ձևով՝ 3-5 մ. բարձրությամբ: Մնացորդներից դժվար է որոշակի կարծիք կազմել եկեղեցու հորինվածքի և ժամանակի մասին: Շինարարական տվյալներով հավանական է, որ այն պատկանել է զարգացած միջնադարին: Լոռե բերդաքաղաքի մնացորդները գտնվում են Ստեփանավան քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք՝ Ձորագետ և Միսխանա գետերի զառիթափ կիրճերով եզերված հրվանդանանման սարահարթի վրա: Ներկայումս անբնակ է, ավերակ: Հիմնադրվել է Անիի Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ՝ Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինի (989-1048) կողմից:

ՕՁՈՒՆ 

Օձունի հուշարձանախումբը հանդիսացել է միջնադարյան Հայաստանի մշակությաին կարևոր կենտրոններից մեկը, որի մասին վկայում են գյուղին մերձակա քարայրներում հայտնաբերված մեծ թվով ձեռագիր հիշատակարանները: Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում և աչքի է ընկնում տեղանքի հետ ունեցած սերտ միասնությամբ: Այն իր համաչափություններով տարբերվում է 5-րդ դարից հետո կառուցված հայկական գրեթե բոլոր հուշարձաններից: Աղոթասրահի հատակագծային համաչափություններում առկա է փոխադարձ կապ, որը չի կարող պատահական զուգադիպության արդյունք լինել և իր հերթին հաստատում է հայկական պատմաճարտարապետական հուշարձանների համաչափությունների միջև պատճառական կապի, նրանց նախագծման ու կառուցման որոշակի սկզբունքների գոյությունը:

ՔՈԲԱՅՐ

Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների՝ Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների գործունեության հետ: Մատենագիտական հիշատակություններից երևում է, որ Քոբայրը՝ որպես մենաստան, 12-րդ դ. կեսերին արդեն կազմավորված և հռչակված է եղել: Անվան ծագումը կապվում է այր (քոբ) բառի հետ: Գտնվում է Անդրերկաթուղու Քոբեր կայարանի (Թումանյանի շրջան) հարավարևմտյան մասում՝ Դեբեդի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա: Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, ընդհանուր պատճառաբանված հորինվածքով, քարի մշակման և հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմող որմնանկարներով: Այն Հայաստանի զարգացած միջնադարի կարևոր գրչօջախներից և մշակությաին կենտրոններից մեկն էր, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: Պատերի հայերեն և վրացերեն մեծ թվով արձանագրությունները արժեքավոր վավերագրեր են հուշարձանների կառուցման, ժամանակագրման, միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներին վերաբերող: 13-րդ դարի կեսերին Քոբայրը Կյուրիկյաններից արդեն անցել է Զաքարյաններին՝ միաբնակ հաստատություններից վերածվելով քաղկեդոնականի: Դրանով է պայմանավորված հուշարձանների մի մասի վրա վրացերեն արձանագրությունների, վրացաոճության եզրեր ունեցող հարդարանքի տարրերի առկայությունը: Քոբայրում են թաղված Զաքարե ամիրսպասալարի որդին Շահնշահը, վերջինիս որդիները, հոգևոր և աշխարհիկ նշանավոր գործիչներ:

ԱԽԹԱԼԱ

Ախթալայի ամրոցը վանքային համալիրի հետ միասին գտնվում է ավանի կենտրոնական մասում՝ բարձրադիր թերակղզիաձև հարթակի վրա: Տարածքը երեք կողմից եզերված է ժայռապատ խոր ձորերով, իսկ չորրորդ՝ հյուսիսային կողմից հարակցվում է սարահարթին: Ամրոցը կառուցվել է 10-րդ դարում՝ Կյուրիկյանների տիրապետության ժամանակ: Վանքի գլխավոր եկեղեցին ՝ Ս. Աստվածածինը, կառուցվել է կառուցվել է ամիրսպասալար Իվանե Զաքարյանի կողմից՝ 13-րդ դ. առաջին քառորդում, գոյություն ունեցող հայկական միաբնակ հաստատությունը վերածելով վրացադավանի: Գլխավոր եկեղեցուց հյուսիս-արևմուտք, մոտ 50մ. հեռավորությամբ գտնվում է միանավ եկեղեցին (13-րդ դար), ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ երկլանջ կտուրով: Ավանի կենտրոնական մասում, Ախթալայի վանքից 0,5 կմ հյուսիս-արևելք գտնվում է Ս. Երրորդություն վանքը (13-րդ դար),բաղկացած իրար կից երկու եկեղեցուց, մատուռից և արտաքին սրահից: Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է ավանի կենտրոնից դեպի արևելք՝ բարձր բլրի վրա: Զույգ եկեղեցիները գտնվում են ամրոցից մոտ 1 կմ դեպի արևմուտք, ճանապարհի եզրին: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-06 14:18:17