Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վանաձորում մեկնարկում է երկար սպասված ArmGeoLori նախագիծը 27.08.2020
Հայաստանը բացահայտելն ավելի հասանելի կլինի Լոռու մարզի բնակիչների համար: Հայկական աշխարհագրական նախագիծը արդեն 8 տարի է, ինչ արշավների միջոցով բացահայտում է ողջ Հայաստանը՝ ամենախոր կիրճից մինչև ամենաբարձր գագաթ: Այսուհետ արշավներին մասնակցելու հնարավորություն է տրվում նաև Լոռու մարզի բնակիչներին. մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 6_ին. արշավախումբը գնալու է դեպի Վանաձորի հսկան՝ Ձիթհանից (Մայմեխ) սարը: Վանաձորի մասնաճյուղը կգլխավորեն Գառնիկ Պողոսյանը և Անահիտ Կարապետյանը, որոնք արդեն հմուտ արշավականներ են։ Լոռեցիները կարող են միանալ ArmGeo Լոռի ֆեյսբուքյան խմբին, որտեղ տեղադրվելու են տեղեկություններ առաջիկա արշավների մասին:

Շնորհավորագիր՝ Վահե Շահվերդյանին 25.08.2020
Օրերս լրացել էր ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի ծննդյան 75 ամյակը: Այսօր Լոռու մարզպետը հյուրընկալեց Վահե Շահվերդյանին՝ շնորհավորագիր հանձնելու, ևս մեկ անգամ շեշտելու՝ նրա ունեցած մեծ ավանդը ոչ միայն Վանաձորի, այլև հայ թատրոնի զարգացման ու առաջընթացի գործում անգնահատելի է: Մարզպետը մասնավորապես նշեց. -Թատրոնին նվիրելով Ձեր գիտակից կյանքի մեծ մասը՝ Դուք կարողացել եք վաստակել հանդիսատեսի սերն ու համակրանքը: Ստեղծագործություններին նոր շունչ ու հոգի տալով, հնին միահյուսելով նորը, ավանդականին՝ ժամանակակիցը՝ Դուք ձևավորել եք միանգամայն նոր մշակույթ և ուրույն դիմագիծ հայ թատրոնում: Ցանականում եմ նոր բեմեր և ստեղծագործական բազմաթիվ հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի ու մարզի մշակութային կյանքի առաջընթացի:

Մարզադաշտերի կառուցում՝ Մարգահովիտ համայնքում 25.08.2020
Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում այս տարի միանգամից 2 մարզադաշտ է կառուցվում, որոնցից մեկը սուբվենցիոն ծրագրով՝ պետական օժանդակությամբ, մյուսը՝ Ֆուտբոլի Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ: Մարզի ղեկավարը ծանոթացավ խաղադաշտերի կառուցման աշխատանքների ընթացքին: Համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտի կառուցման աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն արված է. մարզադաշտը կունենա հանդերձարան, տրիբունա, ցանկապատ,դարպասներ, 80ից 90 նստատեղ. մի խոսքով՝ այն կհամապատասխանի անհրաժեշտ բոլոր չափանիշներին: Աշխատանքների մեծ մասը այս տարի կավարտվի, հաջորդ տարի էլ նախատեսում են նաև վազքուղիների կառուցում: Ներդրվում է մոտ 21 մլն դրամ, որից շուրջ 9 մլն-ը՝ պետական բյուջեից, մնացածը համայնքային ներդրում է:

Լոռու մարզպետը այցելեց Դեբեդ լայֆ/ Debed life հյուրատուն 25.08.2020
«Դեբեդ լայֆ» հյուրատունը այն քչաթիվ կենտրոններից է, որին Covid-ը ոչ թե խանգարեց, այլ հակառակը՝ նպաստավոր պայմաններ ստեղծեց արդյունավետ գործունեության համար: Կենտրոնի տնօերն Տաթևիկ Աղաբաբյանն ասում է՝ իր հյուրատունը նրանց համար է, ովքեր կարիք ունեն առանձնանալու, ստեղծագործելու ու աշխատելու՝ բնությանը հնարավորինս մոտ լինելով: Հետաքրքիր, հաջողված ու օրինակելի է Տարթևիկ Աղաբաբյանի պատմությունը. 16 տարի շարունակ Գերմանիայում ապրելուց ու աշխարհով մեկ շրջագայելուց հետո, եկել է Լոռի, ասում է՝ տարբեր երկրներ այցելելուց հետո հասկացել է՝ Լոռին լավագույն բացահայտումն էր, Դեբեդում հյուրատուն կառուցելն էլ՝ ամենատրամաբանական քայլը, որ կարող էր անել:
Մարզպետարանը հնարավորինս կաջակցի «Լոռի» ֆուտբոլային ակումբին. բոլոր միջոցներն ու լծակները պատրաստ են գործադրել, որպեսզի հայկական ֆուտբոլի համբավը վերականգնվի և զարկ տրվի մարզաձևի զարգացմանը, իսկ Լոռվա ակումբի վարկանիշը է՛լ ավելի բարձրանա: «Լոռի» ՖԱ-ին մարզի ղեկավարը հայտնեց իր անվերապահ աջակցությունը: -Կազմակերպչական հարցերին զուգահեռ՝ թիմի համար առաջնային է նաև հոգեբանական աջակցությունը. ամեն ինչ կանենք ձեր կողքին լինելու, ոգևորելու և դրական ձեռքբերումները կրկնապատկելու համար, ակումբի ցանկացած ձեռքբերում նշանակալի և ոգևորող է նաև մեզ համար, - նշեց մարզի ղեկավարը: «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանն իր հերթին շեշտեց՝ մարզային ղեկավարության կողմից ուշադրությունը ոգևորող է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող՝ փորձությունները պատվով հաղթահարելու ու որակյալ խաղ ցուցադրելու առումով:




