Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կամավորական աշխատանքը այն շնորհակալ աշխատանքն է, որն արժանի է մեծագույն հարգանքի. Ա. Ղուկասյան

14.12.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հանդիպում ունեցան կամավորական աշխատանքներում ներգրավված երիտասարդների հետ՝ շնորհակալագրեր հանձնելու և ևս մեկ անգամ կարևորելու կատարված մեծածավալ աշխատանքը:
Կամավորները պատերազմի առաջին օրերից լծվեցին Լոռու համակարգման կենտրոնի աշխատանքներին՝ առաջնագծին ու արցախցիներին ուղղված աջակցության ծրագրերը կյանքի կոչելու համար:
Մարզի ղեկավարը և տեղակալը շեշտեցին՝ հանրօգուտ, անվարձահատույց աշխատանք կատարելը, անշուշտ, գնահատելի և հարգանքի արժանի գործ է:
-Այն ժամանակը, էներգիան ու եռանդը, որ այս ընթացքում գործադրեցիք, խոսում է ձեր սոցիալական բարձր պատասխանատվության մասին: Վստահ եմ՝ ձեր կամավորական աշխատանքի փորձառությունը պիտանի կլինի կյանքի բոլո՛ր ոլորտներում: Դե, իսկ այն միջավայրը, հոգատարությունն ու սրտացավությունը, որ ինքներդ էիք ստեղծել, կդառնան հետագա տարիների ձեր ամուր ընկերության հիմքը: Շնորհակալ եմ բոլորիդ վերջին մի քանի ամիսների անտրտունջ ու նվիրված աշխատանքի համար,- ասաց մարզի ղեկավարը:
Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն իր հերթին շեշտեց՝ յուրաքանչյուր կամավորական իր անգնահատելի ներդրումն է ունեցել մեր մարզում ինչ-որ բան ավելի լավը դարձնելու գործում:
-Իմացեք, որ շնորհակալ աշխատանք եք կատարել, շարունակեք նույն ոգով ու նվիրումով: Աշխատասիրությամբ, գեղեցիկը, բարին անելու ձեր պատրաստակամությամբ վարակեք նաև ձեր հասակակիցներին, քանզի դուք եք լինելու այն ուժը, որի վրա պետք է հենվի մեր պետությունը:
Շնորհակալ եմ, որ կաք, որ կարողացանք միասին, համակարգված աշխատանքի շնորհիվ պատվով հաղթահարել մեր առջև դրված խնդիրները,-նշեց Գ.Մարկոսյանը:
Լոռու համակարգման կենտրոնի անդամ, Հայկական Կարիտասի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի համակարգող Նարինե Ղազարյանը ևս շնորհակալանքի խոսքեր ուղղեց մարզի ղեկավարին ու կենտրոնի աշխատանքները համակարգող Գայանե Մարկոսյանին:
-Կազմակերպչական բեռը, ամենածանր ու պատասխանատու գործն է, որը վերցրել եք ձեր ուսերին և պատվով կատարել: Իրականացված մեծածավալ, փայլուն աշխատանքը դրա վառ ապացույցն է: Բազմաթիվ անքուն գիշերները, աշխատանքային ծանրաբեռնված օրերն ու շաբաթները իզուր չեն եղել, շնորհակալ եմ ու հպարտ եմ, որ աշխատել եմ ա՛յս թիմում՝ պատրաստակամ ու անձնվեր մարդկանց կողքին:
Կամավորներն էլ շեշտեցին՝ վերջին ամիսներին կամավորական աշխատանք կատարելուց զատ՝ իրենց հնարավորություն է տրվել ձեռք բերել նոր փորձառություն ու նոր ընկերներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22