Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ռաֆայել Հրայրի Հարությունյանը՝ Լոռու մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ 07.04.2020
Ղեկավարվելով մի շարք իրավական ակտերով և հիմք ընդունելով 2020 թվականի ապրիլի 2-ին մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը՝ ՀՀ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի ապրիլի 3-ի, թիվ 369 հրամանով Ռաֆայել Հրայրի Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ: Շնորհավորում ենք, մաղթում աշխատանքային հաջողություններ:

Վանաձոր համայնքում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից 70 միայնակ ծերերի հատկացվել են սննդի տարողունակ փաթեթներ և խնամքի պարագաներ: «Բարի մամա» ՀԿ-ի կողմից Վանաձորի թվով 30 ընտանիքների տրամադրվել են սննդի փաթեթներ և խնամքի պարագաներ: Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի միջնորդությամբ Վանաձորի բժշկական կենտրոնին նվիրաբերվել է թթվածնի կոնցենտրատոր:

ԻՆՉՊԵՍ ԱՌՑԱՆՑ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ 03.04.2020
Հարգելի՛ քաղաքացիներ, առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում ձեր այցը համայնքապետարաններ բացառելու նպատակով՝ մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ:

Դասապրոցեսը հեռավար կերպով լիարժեք կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված 03.04.2020
Դպրոցներում դասապրոցեսը հեռավար կերպով լիարժեք կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մարզում շուրջ 25 ուսուցիչ համակարգիչների կարիք ունի: Խնդրի կարգավորման ու կրթական գործընթացի անընդհատությունը ապահովելու նպատակով՝ Լոռու մարզպետարան և Տեխնոլոգիական քոլեջ համագործակցության արդյունքում՝ վերջինիս կողմից ժամանակավորապես մարզպետարանին հատկացվել է 15 համակարգիչ: Համակարգիչները բաշխվել են Վանաձոր, Ուռուտ, Մեդովկա, Ուրասար, Կաթնաջուր համայնքների դպրոցների ուսուցիչներին:

Գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են մեծ թափով 02.04.2020
Մարզում գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են մեծ թափով, և հողագործությամբ զբաղվող լոռեցիների վստահեցմամբ այս տարի առավել ինտենսիվ են զբաղվելու գյուղատնտեսական աշխատանքներով բնակչության պարենային պահանջարկը ապահովելու համար, առավել ևս, որ պետության կողմից մեծ հնարավորություններ են ընձեռվում դրա համար: Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները եղել են Լոռի բերդ, Օձուն և Կողես համայնքներում՝ ծանոթանալով գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և բնակչությանն իրազեկելով ՀՀ կառավարության 2020թ. մարզտի 26-ի թիվ 356-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման» երկրրոդ միջոցառմանը, որի նպատակն է օժանդակել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու համար:

Լոռու մարզի տարածքում ստեղծվել է 6 հսկիչ անցակետ 02.04.2020
Ինչպես հայտնի է, Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Լոռու մարզի տարածքում բնակչության շարժը վերահսկելու նպատակով ստեղծվել է 6 հսկիչ անցակետ: Սահմանված անցակետերում դիտարկումներ է իրականացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Տեղերում, ճշգրտվել են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվել են անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի: