Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 02.09.2024
Հարգելի մանկավարժներ, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա առթիվ: Սիրելի առաջին դասարանցիներ, նախ և առաջ խոսքս ուղղում եմ ձեզ: Դուք այսօր ձեր առաջին քայլերն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին և, ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է՝ հիշեք, որ դուք ամենահինավուրց ազգերից մեկի սերնդի ժառանգորդ եք և պարտավոր եք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ փոխանցվել են մեծ դժվարությունների գնով: Մաղթանքս մեր բոլոր դպրոցականներին մեկն է՝ լավ սովորել, լավ մարդ և մեր երկրին ու պետականությանը նվիրված քաղաքացի մեծանալ: Մաղթում եմ ձեզ խաղաղ, կապույտ երկինք, բարեհաջող ուսումնառություն. դպրոցական հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդների միջազգային օրվա առթիվ 12.08.2024
Սիրելի երիտասարդնե՛ր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ: Յուրաքանչյուր ազգի, երկրի կամ հասարակության համար երիտասարդությունը ավագներից հերթափոխ ընդունող այն սերունդն է, որն իր գիտելիքների և դաստիարակության պաշարով, եռանդուն ավյունով կյանքի է կոչելու տեսլականներ, որոնք որդեգրվել են նախորդ սերունդների կողմից, համարվել են պետական քաղաքականություն և կամ նոր հրամայականների ծնունդ են: Այս տեսակետից հայոց ներկայիս երիտասարդ սերունդն ունի հզոր հիմք և մեկնակետ, հանձին մեր դարավոր պատմության և մշակույթի, մեր ազգային անկախ պետականության և իհարկե, մեր ժողովրդի առջև գոյություն ունեցող այն մարտահրավերների, որոնց հաջող լուծումը ուղղորդելու է մեզ դեպի բարեկեցիկ և հզոր պետություն:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Շինարարների օրվա առթիվ 09.08.2024
Սիրելի՛ շինարարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Շինարարների օրվա առթիվ: Շինարարությունը մեր երկրի տնտեսության զարգացման ու նաև մշակույթի անբաժանելի մասն է, և մեր երկրի այցեքարտն ամբողջ աշխարհում: Շինարար լինելը պարզապես մասնագիտություն չէ, այլ դիմագիծ, ձեռագիր, որը, որպես ժառանգություն, մշտապես ուղեկցում է մեր ժողովրդին: Հայ շինարարի ճկուն ու ստեղծագործ միտքը դարերի ընթացքում ստեղծել է ճարտարապետական գլուխգործոցներ, շունչ ու կյանք է տվել քարին՝ կերտելով մնայուն ու բարձրարժեք կոթողներ: Այսօր էլ մեր հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Լոռու մարզում, աննախադեպ շինարարական աշխատանքներ են ընթանում և կարճ ժամանակ անց, շնորհիվ մեծածավալ աշխատանքների, կունենանք առավել բարեկեցիկ երկիր ու մարզ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երկաթուղայինների օրվա կապակցությամբ 02.08.2024
Հարգելի՛ երկաթուղայիններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Երկաթուղայինների օրվա կապակցությամբ: Անգնահատելի է ձեր ներդրումը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում: Մեծ է եղել ձեր դերակատարությունը հատկապես մեր երկրի համար ծանր տարիներին՝ կենսական նշանակության բեռներն օր առաջ անկորուստ կերպով Հայաստան հասցնելու դժվարին ժամանակահատվածում: Երկաթուղային տրանսպորտը միշտ էլ հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստանի, մասնավորապես՝ Լոռու մարզի կյանքում: Մեր մարզում է գտնվում երկաթուղային տրանսպորտի բարդ ինժեներական կառույցներից մեկը, որի անխափան գործունեությունն ապահովվում է ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Ալավերդու օրվա» կապակցությամբ 19.07.2024
Սիրելի՛ ալավերդցիներ, շնորհավորում եմ ձեզ Ալավերդի համայնքի օրվա կապակցությամբ: Ալավերդին ծնունդ է առել՝ որպես հանքագործների և մետալուրգների բնակավայր՝ շնորհիվ ձեր արարող և շենացնող տեսակի, ու պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է նաև «Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնը»: Ալավերդին Լոռու ամենայուրօրինակ բնակավայրերից մեկն է՝ աննկարագրելի գեղեցիկ բնությամբ, պատմական ու մշակութային տեսարժան վայրերով:

Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեծ է ձեր դերը երկրի համար տնտեսական առաջընթացի կարևորագույն ճյուղ հանդիսացող այս ոլորտի զարգացման գործում: Դուք պատվով եք կատարում այդ առաքելությունը: Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններից մեկը: Լոռին ևս, հատկապես Ալավերդու տարածաշրջանը, հայտնի է՝ որպես հանքարդյունաբերության կենտրոն, և հանքագործների ու մետալուրգների բազմաթիվ սերունդներ է տվել: