Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ օրվա կապակցությամբ
11.11.2024
Լոռու մարզի համայնքների հարգելի՛ ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների հարգելի՛ աշխատակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ:
Հայաստանում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգը չափազանց կարևոր դերակատարություն ունի մեր պետականության կայացման գործընթացում: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունն ինչպես համայնքների զարգացման, այնպես էլ՝ երկրի առաջընթացի ապահովման գործում:
Տեղական ինքնակառավարման համակարգի լիարժեք գործունեության համար կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը և իրականացմանը: Այդ ակտիվությունն այսօր որոշիչ գործոն է դարձել տեղական ինքնակառավարման արդյունավետ գործունեության համար: Այս համատեքստում կարևոր է ընդգծել համայնքների խոշորացման գործընթացը, ինչը էական ազդեցություն է ունեցել համայնքների կառավարումն առավել արդյունավետ դարձնելու, ֆինանսական միջոցները նպատակաուղղված տնօրինելու համար:
Հարգելի՛ գործընկերներ,
անհերքելի ճշմարտություն է, որ ժողովրդավարական ցանկացած պետություն նախ և առաջ ուժեղ է իր կայացած համայնքներով, ինչն իր հերթին ապահովում է երկրի կայուն զարգացումը: ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի աշխատակազմի համար կարևոր նախապայման են ՏԻՄ-երի աշխատանքի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ոլորտի մասնակցային կառավարումը և այս առումով զգալի առաջընթացն ավելի քան ակնառու է: ՀՀ կառավարության և մեզ համար առաջնային խնդիր է համայնքների համաչափ զարգացումը ևս, ՏԻՄ համակարգի քաղաքացիակենտրոն բնույթը:
Հարգելի բարեկամներ,
օգտվելով առիթից՝ ջերմորեն շնորհավորում եմ նաև տեղական ինքնակառավարման ոլորտում ներգրավված կանանց, կին համայնքապետերին և ավագանու անդամներին, ովքեր կանացի հոգատարությամբ մասնակից են դառնում համայնքների խնդիրների լուծմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ: Նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակեք աշխատել՝ նպաստելով թե՛ համակարգի կատարելագործմանը, թե՛ մեր բնակիչների հոգսերի թեթևացմանը և Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանը:



