Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ 28.04.2023
Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ: Համերաշխության ու միասնականության գաղափարն է դրված այս տոնակատարության հիմքում: Վստահ եմ, այն կարևոր ուղերձ է մեզնից յուրաքանչյուրի համար: Մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու նպատակի իրականացմանը և այդ հարցում կարևոր է բոլոր քաղաքացիների՝ թեկուզ և ամենափոքր ներդրումը: Վստահ եմ, հաջողելու ենք մեր բոլոր ձեռնարկներում:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ 28.04.2023
Սիրելի՛ լոռեցիներ, ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Աշխատանքի գաղափարն ի սկզբանե շատ վեհ է, այն ստեղծելու, արարելու, կառուցելու, շրջապատն ավելի լավը դարձնելու իմաստ է արտահայտում: Այն ընկած է հայ ժողովրդի կենսակերպի հիմքում: Մեր ազգն իր հազարամյակների պատմության մեջ իր աշխատանքով ու ստեղծարարությամբ կառուցել ու շարունակելու է կերտել իր երազած Հայրենիքը: Խորին հարգանքի են արժանի բոլոր մասնագիտությունները, սակայն շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ասպարեզում մարդը կարողանա իրեն դրսևորել առավելագույն արհեստավարժությամբ՝ գոհ լինելով իր ստեղծած արժեքներից, շրջապատն ավելի լավը դարձնելու նպատակից:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.04.2023
Այսօր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու օրն է: Մենք՝ համայն հայությունը, գլուխ ենք խոնարհում մեկ միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակին: Խաղաղություն նրանց շիրիմներին: 20-րդ դարասկզբին քաղաքակիրթ մարդկության աչքի առջև թուրքի յաթաղանին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն ու կես անմեղ հոգի: Մենք հիշում ենք նաև նրանց, ովքեր, հաղթահարելով անմարդկային տառապանքները, վերապրելով Մեծ եղեռնը, վերահաստատվեցին մայր Հայաստանում կամ սփռվեցին աշխարհով մեկ՝ վառ պահելով հայի ինքնությունը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ 14.04.2023
Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ոստիկանության համակարգում լուրջ բարեփոխումներ են իրականացվում, որոնք նպատակ ունեն բարձրացնելու համակարգում ընդգրկված ծառայողների աշխատանքի արդյունավետությունը, արդիականացնելու այն, ինչպես նաև վերացնելու բացասական ցանկացած դրսևորում։ Այս ամենն ուղղված է Հայաստանի ոստիկանության կայացմանն ու ամրապնդմանը: Ոստիկանության ողջ համակարգը՝ նրանց շարքերում Լոռու մարզային կառույցը, պատվով են իրականացնում իրենց առաքելությունը՝ համոզմունքով, որ ժողովրդավարական հասարակության մեջ ոստիկանի կերպարը պետք է վստահություն և պաշտպանվածության զգացում ներշնչի։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2023
Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս գարնանաբույր տոնը ձեզ մեծարելու, մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու, մեր սերը ձեր նկատմամբ վերահաստատելու հրաշալի առիթ է: Հայերիս համար կինը միշտ էլ եղել է օջախի ոգին, ընտանիքի հենասյունը: Հայուհու ամենավեհ կոչումը եղել և մնում է մայրությունը, որը մեզանում պաշտամունքի աստիճանի է հասցված: Ձեր ընտանիքին, զավակներին ուղղված անմնացորդ նվիրումի շնորհիվ է, որ այսօր էլ հայկական ընտանիքը շարունակում է լինել կայուն ու ավանդապահ՝ մնալով մեր ազգի հարատևման գրավականը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2023
Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ թատրոնի բոլոր նվիրյալներին, մշակների ու գործիչներին՝ տնօրինությունից, բեմադրող-ռեժիսորներից, մեր սիրելի արտիստներից մինչև հանդերձապահ, հսկիչ ու դերձակ, լուսային ու ձայնային օպերատորներից մինչև տոմսավաճառ ու հուշարար՝ բոլոր-բոլորին ու նաև նրանց, ովքեր սիրում ու գնահատում են թատերարվեստը, այն է՝ ձեզ շատ սիրող հանդիսատեսի։ Այսօր բոլորիս երախտիքի խոսքերը միմիայն ձեզ են ուղղված: Մենք՝ ձեզ նվիրված հանդիսատեսը, անսահման արժևորում ենք Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները: Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործիչների հանդեպ: