Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետարանը անվերապահ աջակցություն է ցուցաբերում մարզի զարգացմանը միտված ծրագրերին 05.02.2020
Փետրվարի 4-ին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հյուրընկալել էր Վանաձորի ՀԿ կենտրոնի ներկայացուցիչներ Սյուզան Հովսեփյանին և Արտաշես Սերգոյանին: Վերջիններս տեղեկացրեցին, որ նախորդ տարի Դսեղում անցկացված «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» փառատոնը, որը կազմակերպվել էր ՀԿ կենտրոնի ջանքերով, ամենամյա դարձնելու նպատակ ունեն և այդ հարցում այս տարի ակնկալում են նաև Լոռու մարզպետարանի աջակցությունը: -Այս փառատոնը ևս կարող է դառնալ Դսեղի ավանդական տոնակատարություններից մեկը, և դեպի մարզ բերել բազմաթիվ զբոսաշրջիկների,-նշեց Սյուզան Հովսեփյանը:
Նախորդ տարեվերջին Լոռու մարզպետարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցությամբ մարզի անասնաբույժների վերապատրաստման դասընթացներ անցկացվեցին բուհի Վանաձորի մասնաճյուղ գործուղված դասախոսների կողմից, ինչը շատ դրական պրակտիկա հանդիսացավ՝ ի նպաստ մարզի անասնաբույժների գիտելիքների հարստացման: Համալսարանի թվով 4 ֆակուլտետների դեկաններ նաև հանդիպում-քննարկում ունեցան մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի հետ: Արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու ձևավորված համագործակցությունն՝ արդեն 2020թ.-ին դասընթացների նոր փուլ սկսելով մարզի գյուղատատեսների գիտելիքները հարստացնելու նպատակադրմամբ:
Փետրվարի 1-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Լոռու մարզի Մեծ Այրում, Նեղոց, Դեբեդ համայնքներում՝ ծանոթանալու դպրոցներում կատարված շինարարական աշխատանքներին: Ինչպես հայտնի է, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ 2019թ. մարզի դպրոցների կողմից տնտեսված միջոցների վերաբաշխման արդյունքում հնարավոր է եղել առավել կարիքավոր կրթօջախներում իրականացնել շուրջ 80 մլն դրամի տարաբնույթ շինարարական աշխատանքներ: Այդ ուսումնական հաստատությունների թվում են եղել նաև Մեծ Այրումի, Նեղոցի, Դեբեդի դպրոցները, որոնց երբեմնի խարխուլ տանիքներն այլևս հիմնանորոգված են: Տանիքների ասբոշիֆերից ծածկույթներն ամբողջությամբ փոխարինվել է ցինկապատ պրոֆիլավոր թիթեղից ծածկույթներով, կատարվել է նաև վնասված փայտանյութի փոխարինում և ջրահեռացում:

Մրցանակակիրները մարզի ղեկավարի կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով 03.02.2020
Փետրվարի 2-ին Վանաձորի Օլիմպիական հերթափոխի և մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցում Լոռու մարզպետարանի և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացվեց Լոռու մարզի սամբոյի պատանիների ընտրական առաջնությունը, որի նպատակը մարզում սամբո մարզաձևի մասսայականացումը և զարգացումը, մարզիկների սպորտային վարպետության կատարելագործումը և ուժեղագույն մարզիկների հայտնաբերումն էր՝ մարզային հավաքական թիմ ձևավորելու հեռանկարով:
Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի հավաքագրման և մշակման նպատակով Լոռու մարզպետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ: Թիմը կիրակի օրը՝ մինչև ուշ երեկոյան, աշխատանքներ է իրականացրել համայնքներից հայտերի հավաքագրման և դրանք պահանջված չափանիշերին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այսօր դրանք ներկայացվում են մարզի ղեկավարի ուշադրությանը:
Եվրոպական միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը, թեև մեկնարկել է 2017թ.-ին, սակայն ծրագրից ինչ-ինչ պատճառներով դուրս մնացած Վանաձոր և Սպիտակ համայնքներին հնարավորություն կտրվի օգտվելու ընձեռված հնարավորություններից, քանի որ, հաշվի առնելով ծրագրի հաջող փորձը, Եվրոպական միությունը զգալի միջոցներ է նախատեսել դրա շարունակականությունը ապահովելու և նոր համայնքներ ընդգրկելու նպատակով: Այն է՝ տրամադրված մեթոդական աջակցության շնորհիվ մշակելու համայնքների տնտեսական զարգացման պլան՝ հետագա փուլերում արդեն դրամաշնորհային ծրագրերից օգտվելու հեռանկարով: Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» քարտուղարություն Հայաստանի նախագծի համակարգող Սևակ Հովհաննիսյանը: Հանդիպմանը մասնակցում էին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը և Վանաձորի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:



