Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աջակցություն՝ մարզի 1500 ընտանիքի 29.04.2020
«Ռուսաստանի հայերի միությունը» Լոռու մարզպետարանին է տրամադրել սննդօգնության տարողունակ փաթեթներ, որոնք առաջիկա օրերին մարզպետարանի աջակցության խմբերի, կամավորների միջոցով կբաշխվեն մարզի սոցիալապես խիստ անապահով 1500 ընտանիքի: Ինչպես հայտնի է, արտակարգ դրության սահմանումից հետո նմանատիպ բարեգործական ծրագրերը շարունակական բնույթ են կրում, որոնց մասին հանրությունը տեղեկացվում է տարբեր հրապարակումների, նաև յուրաքանչյուր երկուշաբթի մեր կողմից հրապարակվող տեղեկանքի միջոցով: Լոռու մարզպետարանը, չափազանց կարևորելով նմանատիպ աջակցության ծրագրերը, շնորհակալություն է հայտնում բոլոր այն կազմակերպություններին, բարերարներին, որոնք այս դժվարին օրերին օգնության ձեռք են մեկնում մարզի կարիքավոր ընտանիքներին:

Հիշատակի միջոցառում՝ նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերին 27.04.2020
Այս տարի Ցեղասպանության հիշատակման միջոցառումներն առաջին անգամ, ստեղծված իրավիճակից ելնելով, մարդաշատ չէին նաև Վանաձորում: Միայն Սուրբ Աստվածածին եկեղեցում ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 10:30-ին ` ի հիշատակ հանուն հայրենիքի և հավատի սուրբ նահատակների Գուգարաց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Դարպաս համայնքում «Համբարձումյանների ընտանիք սոցիալական աջակցություն բարեգործական հիմնադրամի» սնունդ է բաժանվել համայնքի նպաստառու 98 ընտանիքի, Լեռնապատ համայնքի՝ նպաստառու թվով 137 ընտանիքի և ևս 20 անապահով ընտանիքի, Սարամեջ համայնքում նպաստառու կամ հրատապ օգնություն ստացող՝ 100 ընտանիքի: Վանաձոր: Անհատ ձեռներեց Հովիկ Գրիգորյանի կողմից սնունդ է բաժանվել համայնքում բնակվող սոցիալապես անապահով 50 ընտանիքի: Ալավերդի համայնքի բնակիչ Դավիթ Թորոսյանի կողմից Ալավերդու համայնքապետարանին նվիրաբերվել է ախտահանման աշխատանքների համար նախատեսված 13 սարքավորում։

Եվս 50 սմարթֆոն՝ Լոռու մարզին 27.04.2020
COVID-19-ի դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի» շրջանակներում Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը նվիրաբերված սմարթֆոններից 50-ը տրամադրվել է Լոռու մարզին։ Քանի որ մարզում առկա պահանջարկի համեմատությամբ սմարթֆոնների քանակությունը խիստ սահմանափակ է, հետևաբար դրանք տրամադրվել են գյուղական բնակավայրերի 3 անչափահաս դպրոցահասակ երեխաներ ունեցող, սոցիալապես խիստ անապահով ընտանիքներին, ընդ որում յուրաքանչյուր համայնքից՝ մեկական: Հեռավար կրթության կազմակերպմանն ուղղված աջակցության ծրագրերը շարունակական բնույթ են կրում:

Քննարկվեցին օրախնդիր մի շարք հարցեր. Լոռու մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 23.04.2020
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մազպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից հրավիրված խորհրդակցության նպատակը՝ Մեծավան խոշորացված համայնքի ղեկավար Արման Վարդանյանի մասնակցությամբ, համայնքում առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Ինչպես նշվեց, համայնքը սուբվենցիոն միջոցներով նախատեսում է իրականացնել 6 ծրագիր՝ շուրջ 167 մլն ընդհանուր արժեքով, որից համայնքային ներդրումը կկազմի ավելի քան 83 մլն դրամ: Մարզի ղեկավարի հորդորն է. անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել շատ արագ, քանի որ ծրագրերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 27-ն է: Մարզպետարանի մասնագետները պատրաստ են աջակցել ծրագրային փաթեթների կազմման հարցում:



