Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անկախ Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է 22.09.2021
Անկախության օրը Լոռու մարզում նշվեց մի շարք միջոցառումներով։ Առավոտյան մարզի ղեկավար Արամ Խաչատրյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը, մարզային և համայնքային իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչները ու այլ պաշտոնատար անձինք ներկա գտնվեցին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ հնչեցված հանրապետական մաղթանքին: Այնուհետ բարձրաստիճան այրերն այցելեցին Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի արձանին, ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Սպարապետի հիշատակին։

Շնորհակա՛լ ենք ձեզ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ համար 22.09.2021
ՀՀ Անկախության տոնին ընդառաջ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության, զինվորական ոստիկանության ներկայացուցիչներ, մի խումբ այլ պաշտոնատար անձինք այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոններ: Նրանք հարգանքի տուրք մատուցեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրանց հիշատակը հավերժացնող շիրիմներին և հուշակոթողին: Հավերժ փառք ձեզ՝ հերոսնե՜ր։ Ձեր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։ Շնորհակա՛լ ենք ձեզ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ համար։

Լեռնապատ համայնքն այլևս ԱԹՍ֊ների մրցույթի կենտրոն է 22.09.2021
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված առաջին ԱԹՍ մրցույթը տեղի ունեցավ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում: Այն կազմակերպվել էր Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, Արտակարգ իրավիճակների և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ: Մրցույթին ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, նախաձեռնող կառույցների պատասխանատուները, բազմաթիվ հյուրեր։

Հայաստանի Հանրապետության 30-ամյակի հոբելյանական միջոցառումները եզրափակեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի համերգասրահում կայացած դասական երաժշտության համերգը՝ Վանաձորի կամերային նվագախմբի մասնակցությամբ: Ներկա էին Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, հոգևոր այրեր, բազմաթիվ երաժշտասեր վանաձորցիներ: Համերգն անցավ ջերմ մթնոլորտում:

Դարպաս գյուղի դպրոցի ինտենսիվ այգին արդեն բերք է տալիս 22.09.2021
Դարպաս գյուղում ՄԱԿ- ի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից իրականացվել է հերթական կարևոր ծրագիրը. «Ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնում դպրոցամերձ տարածքներում» ծրագրի շրջանակներում Դարպասի դպրոցը նույնպես ինտենսիվ այգի ունի: Այս համագործակցության շրջանակներում մարզում նման 8 այգի է հիմնվել: Այգու բացմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի համակարգող Մարիա Մուրադյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ ու համայնքի բնակիչներ:

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի և Մարգահովիտի համայնքապետարանի համատեղ ներդրմամբ, Լոռու մարզպետարանի և Մարգահովիտի դպրոցի համագործակցությամբ կառուցված ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությունը կրկնակի խորհուրդ ուներ. մարզադաշտի կառուցումը ինքնին մեծ նշանակություն ունի դպրոցի համար, մինչդեռ այն, որ մարզադաշտն անվանակոչվում է նաև արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած, դպրոցի սան Արման Դերձյանի անվամբ, առավել հուզիչ և պարտավորեցնող է: Մարզադաշտի բացման և վերջինիս անվանակոչության առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել դպրոցի բակում: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի, ուժային կառույցների, զինվորականության, համայնքի ներկայացուցիչներ: