Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի 19.08.2022
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի։ Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ Եկեղեցական դասը և հոգեհանգստյան արարողությանը ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին պայթյունի անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար։
Պետական աջակցության գյուղատնտեսական ծրագրերից արդյունավետ օգտվել են Դարպաս բնակավայրի ֆերմերները 19.08.2022
2022 թվականի 1-ին կիսամյակում Լոռու մարզում «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվել է շուրջ 260 տնտեսություն՝ ընդհանուր 335 միլիոն ՀՀ դրամ վարկային գումարի չափով: Պետական աջակցության ծրագրից լոռեցիներն օգտվում են հիմնականում անասնապահության, բուսաբուծության, մեղվաբուծության ոլորտները զարգացնելու համար: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ վերոհիշյալ ծրագրից օգտվող Վանաձոր խոշորացված համայնքի Դարպաս բնակավայրի շահառուների հետ հանդիպեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը:
Լոռու մարզպետարանում անցկացվեց «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի քննարկումը: Այն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ: Իրականացվող ծրագրի մանրամասները ներկայացրեցին ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը և ծրագրի փորձագետները: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ոլորտի ներկայացուցիչներ: Ծրագրի պատասխանատուները նշեցին, որ Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքներում սեպտեմբեր ամսից կիրականացվի կլիմայական ռիսկերի գնահատման և տվյալների հավաքագրման գործընթաց:
Վերջերս Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի «Ֆետիսով-Արենայում» կայացած «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի սամբո մարզաձևի 64 կգ քաշային կարգում 16-ամյա վանաձորցի Մհեր Օհանյանը գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը։ Մհեր Օհանյանը «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի սաներից է: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց մարզիկին և նրա մարզիչ Գագիկ Ղազարյանին։ Առաջին տեղը գրավելու և Լոռու մարզի մարզական պատիվը բարձր պահելու համար մարզի ղեկավարը պատվոգրով պարգևատրեց մարզիկին, իսկ հաղթող սան պատրաստելու համար շնորհակալագիր հանձնեց մարզիչին։
Մարզի ղեկավարը պարգևատրեց քաղաքաշինության ոլորտում ավանդ ունեցող ընկերությունների ղեկավարներին 15.08.2022
Շինարարի օրվա կապակցությամբ մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց քաղաքաշինության ոլորտում ավանդ ունեցող ընկերությունների ղեկավարներին: Երախտագիտություն հայտնելով բնագավառում ունեցած ծանրակշիռ ներդրման համար՝ մարզի ղեկավարը շնորհավորեց նրանց մասնագիտական տոնի առթիվ։ -Քաղաքաշինությունը մեր մարզի զարգացման կարևոր և առանցքային բնագավառներից մեկն է։ Համոզված եմ, որ մենք այս ոլորտում զարգացման մեծ հեռանկարներ և ներուժ ունենք։ Ձեզ զորություն եմ մաղթում, նպատակասլացություն և գաղափարներն իրագործելու վճռականություն՝ ի շահ մեր մարզի, մեր հայրենիքի,-ասաց մարզի ղեկավարը:
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը ոլորտի պատասխանատուների հետ միասին աշխատանքային այցով այսօր եղել են Սպիտակ խոշորացված համայնքում, ծանոթացել իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Նրանք շրջայց են կատարել Նոր Խաչակապ, Գոգարան և Լեռնանցք բնակավայրերում, ուր համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն մի շարք ծրագրեր են ընթանում: