Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր ՀՀ հարկ վճարողի օրն է 19.04.2022
Ձեր վճարած հարկերը ապահովում են երկրի կայուն զարգացումը: Շնորհավոր ապրիլի 19-ը` Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի օրը:

Քրիստոս հարյավ ի մեռելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Ձեզ և մեզ մեծ ավետիս 18.04.2022
Կիրակի առավոտյան թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց զատկական Սուրբ Պատարագ: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ պատարագին ներկա էին մարզպետարանի պաշտոնյաներ։ Պատարագին մասնակցում էին նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հավատացյալներ։ Սրբազան հայրն ընթերցեց Հայոց Հայրապետի զատկական պատգամը, ապա իր օրհնության խոսքն ու պատգամը ուղղեց ներկաներին, Սուրբ Հարության ավետիսով շնորհավորեց մարզային և քաղաքային իշխանություններին, խաչքավորներին, մշտապես հայ եկեղեցու կողքին գտնվող և աջակցող բարերարներին, հավատացյալ ժողովրդին։

Ապրիլի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նորակառույց շինությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին, աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված պայմաններին: Վարչապետին զեկուցվել է, որ դպրոցի նախկին շենքը 1988թ. երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային և ապամոնտաժվել: Մինչ նոր շենքի շահագործումը, ուսուցումն իրականացվել է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ Ոստիկանության օրվա առթիվ Վանաձորում մասնակցել է Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը Վերջինիս ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ և այլք:

Ապրիլի 30-ին՝ համապետական շաբաթօրյակ 15.04.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մասնակցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կազմակերպված խորհրդակցությանը՝ նվիրված ապրիլի 30-ին կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակին։ Շաբաթօրյակի օրը ակնկալվում է ապահովել հանրապետության տարածքում սանիտարական մաքրության բարձր մակարդակ` աղբից մաքրելով ՀՀ բոլոր համայնքները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները։ Մաքրման աշխատանքներ կիրականացվեն սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում, հատուկ պահպանվող տարածքներում, ջրային համակարգերի տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում և այլն:

Ներկայացվեց ավարտական և ընդունելության քննությունների կարգը 14.04.2022
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները դպրոցների ավարտական և բուհերի ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում մարզային շրջայցերի միջոցով դպրոցների տնօրեններին տեղեկացնում են միասնական և կենտրոնացված քննական կարգում կատարված փոփոխությունները։ ԳԹԿ-ի քննությունների կազմակերպման բաժնի պետ Էդվարդ Սանթրոսյանն այդ նպատակով այսօր Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում էր՝ մարզի դպրոցների տնօրեններին ներկայացնելու պետական ավարտական քննությունների նոր չափորոշիչները և ընդունելության քննությունների կարգը։ Հանդիպման մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները։