Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիր
2009 թվականից ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվում է Սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը, որի նպատակն է Հայաստան-հայրենիքը ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության մեջ հայրենիքի զգացողության ձևավորմանը, արմատավորել ազգային արժեքային համակարգ, ծանոթացնել հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:
Ծրագրի իրականացման ընթացքում Սփյուռքի տարբեր հատվածներում նախապես ձևավորված 13-20 տարեկան երիտասարդների խմբեր 2 շաբաթով հաջորդաբար հյուրընկալվում են հայաստանյան ընտանիքներում:
Հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձևավորումն ու Հայաստան տեղափոխումն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների աջակցությամբ:
Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ այլ հովանավորների միջոցներով:
Այս տարի ծրագրի շրջանակներում իրականացվելու է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են Սփյուռքի և Հայաստանի երիտասարդների ակտիվ շփումներ, ծանոթացում ՀՀ պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը, շրջայցեր Հայաստանի տեսարժան վայրեր, մասնակցություն համերգների, թատերական ներկայացումների, ցուցահանդեսների, փառատոների և այլն:
Կիրականացվեն նաև ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմություն առարկաների շրջանակներում, մասնակցություն երգի, պարի, գեղարվեստի խմբակներին: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների, հասարակական ու մշակութային գործիչների հետ:
Արդեն ունենք բազմաթիվ մասնակիցների հայտեր. մեծ է պատանիների և աղջիկների ցանկությունը գալ Հայրենիք, որը բոլորիս համար շատ ուրախալի է, միաժամանակ` պարտավորեցնող:
Հյուրընկալ ընտանիք հանդիսանալու ցանկություն ունեցողները հայտադիմումը կարող են ներբեռնել www.aritun.am կայքից և ուղարկել aritun.mindiaspora@gmail.com կամ aritun_diaspora@yahoo.com էլ. հասցեներով: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 58-56-01 /117/, 52-02-46 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 15.05.2013
Վերջին ժամկետը` 10.06.2013
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ