Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Որակի հետ կապված զիջում չի լինելու․ ասֆալտի հաստությունը կբերեք պատշաճ վիճակի»․ Արեն Մկրտչյան
15.10.2026
Լոռու մարզի Բազում բնակավայրում նորակառույց կրթահամալիր տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների լաբորատոր ստուգմամբ արձանագրվել է նախագծով նախատեսված և փաստացի ասֆալտի շերտի հաստությունների անհամապատասխանություն։
Առաջին շերտի նախատեսված 6 սմ հաստության փոխարեն լաբորատոր փորձաքննության արդյունքում արձանագրվել է 5 սմ։ Տրվել է բացասական եզրակացություն, և կատարված աշխատանքների դիմաց վճարում չի իրականացվել։
Շինարարին հանձնարարվել է ասֆալտի շերտի հաստությունը համապատասխանեցնել սահմանված պահանջներին։ Միայն դրանից հետո թույլատրվելու է անցնել երկրորդ՝ 4 սմ հաստությամբ շերտի տեղադրմանը։
Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ ընդգծելով ճանապարհաշինական ծրագրերում որակի վերահսկողության կարևորությունը։
«Որակի հետ կապված զիջում չի լինելու։ Ասֆալտի հաստությունը կբերեք պատշաճ վիճակի։ Ճանապարհաշինական բոլոր ծրագրերը ստուգվում են լաբորատորիաներով։ 1 միլիմետրի շեղումն անգամ արձանագրվում է։ Չկա տարբերակ անորակ աշխատանք ներկայացնելու․ բացառված է նաև նման աշխատանքի ընդունումը, վճարումը»,- նշել է մարզպետը։



