Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն այցելել է Փամբակ գետում իրականացվող որոնողական աշխատանքների վայր
18.06.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Փամբակ գետի այն հատված, որտեղ շարունակվում են հունիսի 15-ի դեպքի հետևանքով դեռևս չհայտնաբերված երեխայի որոնողական աշխատանքները։
Մարզի ղեկավարն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը տեղում քննարկել են իրականացվող գործողությունների ընթացքը, որոնողափրկարարական աշխատանքների համակարգմանը վերաբերող հարցեր։
Որոնումները շարունակվում են ամբողջ ծավալով։ Աշխատանքներին ներգրավված են փրկարարական և ոստիկանական ծառայությունների աշխատակիցներ, ջրասուզակներ, կամավորներ, ինչպես նաև կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։
Հունիսի 17-ին Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող, 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։
Որոնողական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են մյուս երեխայի հայտնաբերման ուղղությամբ։
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել որոնողական աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայություններին և կամավորներին։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14:45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի՝ գետն ընկնելու վերաբերյալ։ Այնուհետև՝ ժամը 17:05-ին, ստացվել էր ևս մեկ ահազանգ, համաձայն որի՝ 7 և 13 տարեկան երկու երեխաներ դուրս էին եկել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից և չէին վերադարձել նախատեսված վայր։



