Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են համայնքների և ՀԷՑ-ի սերտ համագործակցությանը վերաբերող հարցեր
27.08.2025

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը օգոստոսի 26-ին խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների հետ՝ քննարկելու բնակավայրերում էլեկտրամատակարարման ծառայությունների որակի բարձրացմանը, համակարգի արդիականացմանը և ոլորտի զարգացման գործընթացներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանը, ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, ոլորտի պատասխանատուներ:
Հովհաննես Ավետիսյանն ընդգծել է, որ պետությունը շարունակում է լայնածավալ աշխատանքներ տանել ոլորտի կարգավորման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։
Նա կարևորել է համայնքապետերի և ՀԷՑ-ի փոխհամագործակցությունը՝ նշելով, որ միասնական ջանքերով կարելի է հասնել այնպիսի արդյունքների, որոնք անմիջականորեն կզգան մարզի բնակիչները:
Տիգրան Հովսեփյանը ևս կարևորել է համայնքների հետ շարունակական համագործակցությունը և նշել, որ միայն սերտ գործակցության միջոցով է հնարավոր օպերատիվ արձագանքել էլեկտրամատակարարման խնդիրներին և բնակչության համար ապահովել հուսալի և անխափան էլեկտրամատակարարում: Նա հորդորել է «Դեբեդ» մասնաճյուղի աշխատանքներն առավել օպերատիվ և արագ կազմակերպելու նպատակով բնակավայրերում կամ այլ տարածքներում էլեկտրաէներգիայի ընդհատումների դեպքում զանգահարել և խնդրի մասին բարձրաձայնել ՀԷՑ-ի «Թեժ գիծ» ծառայությանը կամ մասնաճյուղի տարածքային վարչական մասերի օպերատիվ շրջիկ խմբերին (ՕՇԽ):
Հանդիպման ընթացքում համայնքապետերը բարձրաձայնել են իրենց բնակավայրերում առկա խնդիրները: ՀԷՑ-ի պաշտոնյաների հետ քննարկվել են ենթակառուցվածքների արդիականացմանը և զարգացմանը, բնակավայրերում համակարգային անհետաձգելի խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: