Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է Լոռու մարզի «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորգվող կամ վերանորոգվող 300 դպրոցներ» ծրագրի ընթացքը

22.08.2025

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ այսօր՝ օգոստոսի 21-ին, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի այն հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորգվող կամ վերանորոգվող 300 դպրոցներ» ծրագրում:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները:
Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորգվող կամ վերանորոգվող 300 դպրոցներ» ծրագրի ընթացքին, դպրոցաշինական ծրագրերի արդյունավետ շարունականության ապահովմանը, անհրաժեշտ նոր գույքով համալրման գործընթացին, գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին և կրթության պատշաճ կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Նշվել է, որ 2021-2025 թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են Լոռու մարզի 54 դպրոցների կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները: Մարզում կան որոշ դպրոցներ, որոնք շինարարական գործընթացով պայմանավորված՝ սեպտեմբերի 1-ին ամբողջությամբ պատրաստ չեն լինի շահագործման: Ըստ յուրաքանչյուր դպրոցի առանձնահատկության՝ քննարկվել են այլընտրանքային տարածքներում տվյալ կրթական հաստատությունների ուսումնական գործընթացի կազմակերպմանն ուղղված հարցեր:
«Կրթությունը մեր մարզի և մեր երկրի զարգացման կարևորագույն առանցքն է։ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր երեխա ստանա լավագույն կրթություն՝ անկախ համայնքից: Վստահ եմ, որ այս աշխատանքների արդյունքում ունենալու ենք նոր որակի դպրոցներ՝ ժամանակակից և հարմարավետ միջավայրով: Մենք կարևորում ենք, որ այս անցումային փուլում տվյալ դպրոցներում դասապրոցեսն ընթանա կազմակերպված և սահուն»,- ընդգծել է Հովհաննես Ավետիսյանը։
Քննարկվել են նաև մի շարք առաջնահերթ նշանակության հարցեր: Տրվել են հանձնարարականներ նոր ուսումնական տարվա մեկնարկի պատշաճ կազմակերպման համար:
Նաիրա Բարիկյանը հատուկ կարևորել է կրթության բարձր որակի, աշակերտների համար անվտանգ և բարենպաստ միջավայրի ստեղծման, ուսուցիչների մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված հարցերը։
Խորհրդակցության ընթացքում ներկաները ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող հարցերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 14:24:28