Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոսյան խորհրդակցություն՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ

20.08.2025

Օգոստոսի 19-ին, 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում Լոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անց է կացվել ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։
Ներկա էին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մինչ խորհրդակցությունը կազմակերպվել էր «Կրթական էքսպո» ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին մարզի դպրոցների լավագույն նախագծային աշխատանքները: Պաշտոնյաները նախ ծանոթացել են էքսպոյի նախագծերի հետ, զրուցել միջոցառման մասնակից աշակերտների և ուսուցչական կազմի հետ:
Օգոստոսյան խորհրդակցությունը մեկնարկել է «Տարվա լավագույնները 2024–2025» հանրապետական մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթած 37 լոռեցի մանկավարժների պարգևատրմամբ․ վերջիններս ԿԳՄՍ նախարարության անունից արժանացել են շնորհակալագրերի։
Հ. Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ՀՀ կառավարությունը կրթական համակարգի զարգացմանն ուղղված շարունակական բարեփոխումներ և դպրոցաշինական լայնածավալ ծրագրեր է իրականացնում.
«Այժմ Լոռու մարզի մի շարք կրթական հաստատություններում կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, կառուցվում են նոր կրթահամալիրներ, նախադպրոցական հաստատություններ, ինչը թույլ կտա է՛լ ավելի բարելավել կրթական պայմանները և ապահովել ժամանակակից ստանդարտներին համապատասխան կրթական միջավայր: Մաղթում եմ, որ 2025-2026 ուսումնական տարին լինի արդյունավետ, ստեղծարար և լի նոր ձեռքբերումներով», -ասել է մարզպետի պաշտոնակատարը:
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ՀՀ կառավարության ծրագրով Լոռու մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 54 դպրոց և 46 մանկապարտեզ, մի քանիսի կառուցումն արդեն ավարտված է: Լոռու մարզի 84 դպրոցներ արդեն ստացել են ԲՏՃՄ լաբորատոր սարքավորումներ, մյուսները համալրման փուլում են: Ա. Սվաջյանը կարևորել է դրանց ակտիվ կիրառումը և նպատակային օգտագործումը բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացման նպատակով:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մի շարք վիճակագրական տվյալներ․ Լոռու մարզից միասնական քննություններին հայտագրում է ներկայացրել 1162 դիմորդ, մասնակցել՝ 1112-ը, բուհ է ընդունվել 811 դիմորդ՝ դիմորդների 72%-ը։
Ամենապահանջված բուհների շարքում առաջին տեղում Վանաձորի պետական համալսարանն է (404 դիմորդ, ընդունվել՝ 289), երկրորդում՝ Երևանի պետական համալսարանը (173 դիմորդ, ընդունվել՝ 102), երրորդում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը (73 դիմորդ, ընդունվել՝ 43), իսկ չորրորդ տեղում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը (71 դիմորդ, ընդունվել՝ 51)։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի մի շարք հրատապ հարցեր։ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ընթացքին՝ տեղեկացնելով, որ Լոռու մարզում ատեստավորում է անցել 665 ուսուցիչ․ մարզն այս ցուցանիշով գտնվում է 3-րդ հորիզոնականում։ Նա հորդորել է շարունակել գործընթացը՝ նշելով, որ ատեստավորման ուղեցույցներն արդեն հրապարակված են, իսկ հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը։
Տեղեկացվել է, որ նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:
4-րդ և 9-րդ դասարաններում՝ որպես նոր չափորոշչով ավարտողներ, քննությունները նոր ձևաչափով են կազմակերպվելու:
Խոսելով դպրոցներում երկարօրյա ծառայության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ այն կրթության որակին և սովորողի խնդիրների լուծմանն ուղղված նոր գործիք է, որն անհրաժեշտ է առավել արդյունավետ կիրառել:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։
Հանդիպման ավարտին ներկաներն իրենց հետարքրքրող հարցերն են ուղղել պաշտոնյաներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 14:24:28