Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի բժշկական կենտրոնը համալրվել է նոր ծառայություններով
31.07.2025

Հուլիսի 30-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Հազրոյանի, նախարարության պաշտոնյաների, բժիշկների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել Վանաձորի բժշկական կենտրոնում։
Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին` պաշտոնյաները եղել են նորաբաց «Պրոտոն» գիտակրթական-ախտորոշիչ կենտրոնում:
Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար:
Մինչ այս Կաթվածի ազգային ծրագիրը Վանաձորում գործում էր Գյումրու հետ հեռաբժշկության միջոցով. բուժման որոշակի փուլում պացիենտը տեղափոխվում է Գյումրու բժշկական կենտրոն։ 15 հիվանդ արդեն օգտվել է պիլոտային այս ծրագրից, իսկ 50-ից ավելի հիվանդի համար իրականացվել է կաթվածի մասնագետի հեռավար խորհրդատվություն։
Շուրջ մեկ ամսից Վանաձորի և հարակից բնակավայրերի մեր քաղաքացիների համար ակնաբուժական ժամանակակից բոլոր ծառայությունները հասանելի կլինեն մեկ վայրում. ակնաբուժական կլինիկայի շինարարական ու կահավորման աշխատանքները ավարտական փուլում են:
Ապրիլին Վանաձորում ներդրված մամոգրաֆիայի ծառայությունից արդեն օգտվել է 400 կին, որոնցից 320-ը` սքրինինգային ծառայությունից:
Պաշտոնատար անձինք եղել են նաև վարակաբանական բաժանմունքում, որտեղ ևս ավարտին են մոտենում շինարարական աշխատանքները:
Երկհարկանի ինֆեկցիոն բաժանմունքը նախատեսված է ստացիոնար 40 բուժառուի, ևս 10 մահճակալ՝ ինտենսիվ բուժման հիվանդների համար: Դրանք հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ համապատասխան սանհանգույցներով և թեքահարթակներով:
Նախատեսված է նաև ընդունարան՝ սպասասրահով, հետազոտման սենյակ, մեկուսարան՝ դրսից առանձին մուտքով, ինտենսիվ բուժման 2 սրահներ, էքսպրես լաբորատորիա, ախտահանման բաժանմունք, հետազոտման սենյակներ, անձանակազմի հանդերձարաններ, հանգստի սենյակ:
Մասնաշենքի կառուցումն իրականացվում է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ: