Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

21.07.2025

 

Հուլիսի 18-ին անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը։

Ողջունելով ներկաներին՝ Հ. Ավետիսյանն ընդգծեց հանձնաժողովի գործունեության կարևորությունը՝ նշելով, որ առաջնային խնդիր է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, կրթության, առողջապահության և զբաղվածության հնարավորությունների ընդլայնումը:

Նա կարևորեց նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների համագործակցությունը՝ արդյունավետ ծրագրերի իրականացման համար:

Հանձնաժողովի քարտուղար, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանն անդրադարձավ հանձնաժողովի 2024 թվականի ընթացքում կատարած աշխատանքներին: Նշվեց նաև, որ մարզի 114 դպրոցներում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 682 աշակերտ։ Թեև մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ և բժշկական կենտրոններ ապահովված են հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմաններով, սակայն պետական աջակցությամբ շարունակվում են մատչելիության բարելավման աշխատանքները։

Լոռու մարզում հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամության կենսաթոշակ է ստանում 16.440 անձ, որից՝ 786-ը երեխաներ:

Օրակարգի շրջանակում «Լուսաստղ» ՀԿ-ի պատասխանատուները ներկայացրեցին պետության աջակցությամբ իրականացվող ներառական կրթությանն ուղղված ծրագրերը, կազմակերպության կողմից այդ ծրագրերին վերաբերող հետազոտությունները, անդրադարձան «Ադա» կենտրոնի երկամյա գործունեությունը, մատուցվող ծառայություններին և բազմաբնույթ ծրագրերին:

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի ներկայացուցիչներն ամփոփեցին «Շարժական սոցիալական կենտրոններ Լոռիում» ծրագիրը՝ խոսելով արդյունքների մասին: Կենտրոնի շահառուների պատրաստած սոցիալական հոլովակներով ներկայացվեցին hաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները:

Նիստում անդրադարձ եղավ նաև ներառականությանը նպաստող սպորտաձևերի զարգացմանը, մասնավորապես՝ «Շոուդաուն թենիս»-ի հանրահռչակմանը, որի ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն։

«Լիարժեք կյանք» ներառական ՀԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ ամենամյա կազմակերպվող ամառային ճամբարի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Այս ամառ ճամբարը Ստեփանավանում կընդունի հաշմանդամություն ունեցող երեխաների երեք հերթափոխ:

Իր գործունեությունը ներկայացրեց նաև Սպիտակ համայնքում ծրագրեր իրականացնող «Փեթակ» ՀԿ-ն՝ նշելով, որ այժմ ընթացքի մեջ են սոցիալական, կրթական, երիտասարդական ակտիվ նախաձեռնություններ:

Ամփոփելով նիստը՝ նշվեց, որ առաջիկայում կշարունակվեն մի շարք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Լոռու մարզում ներառական կրթության զարգացմանը, պայմանների մատչելիության բարելավմանը և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների ապահովմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-30 14:36:07