Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են տեքստիլ ոլորտի զարգացման հետ կապված հարցեր

11.07.2025

 

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը հուլիսի 10-ին այցելել է Վանաձորի «Գլորիա», «Սարտոն» և «Իտեքս» կարի ֆաբրիկաներ:

Մարզպետի պաշտոնակատարն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ֆաբրիկաների գործունեությանը, ընթացիկ խնդիրներին, պետական մարմինների հետ փոխգործակցությանը, ինչպես նաև աշխատուժի, արտադրական սարքերի, հումքի ներմուծման և արտահանման գործընթացներին վերաբերող հարցեր։

Հ. Ավետիսյանը ողջունել է Լոռու մարզում ներդրումային ծրագրերի իրականացումը, նշել, որ տեքստիլ արդյունաբերության զարգացումը պետության ուշադրության կենտրոնում է, և Կառավարությունը պատրաստ է աջակցել տնտեսվարողներին:

Նա վստահեցրել է, որ նման հանդիպումները նպատակ ունեն համակողմանի գնահատել ոլորտի կարիքները և բարձրացված հարցերը փոխանցել համապատասխան գերատեսչություններին՝ դրանց հնարավոր լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը մարզպետի պաշտոնակատարին է ներկայացրել ընկերության զարգացման հնարավորությունները, նախատեսվող ծրագրերն ու առաջարկությունները ոլորտին առնչվող մի շարք հիմնախնդիրների, արտադրանքի մրցունակության բարձրացմանն ուղղված պետական աջակցության հնարավոր մեխանիզմների և որոշ գործընթացների պարզեցման հետ կապված։

Ներկա պահին «Գլորիա» կարի ֆաբրիկան ունի շուրջ 2500 աշխատող, արտադրանքի մեծ մասն արտահանվում է եվրոպական երկրներ:

Մարզպետի պաշտոնակատարը պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ շրջայց է կատարել արտադրամասերում, տեղում ծանոթացել տեսականուն, արտադրական գործընթացին՝ հումքից մինչև պատրաստի արտադրանքի իրացում։

Աշխատանքային այցը շարունակվել է «Սարտոն» կարի արտադրամասում: Տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանը նշել է, որ աշխատում են հիմնականում իտալական ընկերության հետ, ունեն 270 աշխատող և ևս 100 աշխատողի կարիք՝ կարի վարպետների, մասնագետների, կարի բանվորների և այլն: Արտադրամասի տնօրենը նշել է, որ ընկերության թիվ 1 խնդիրը կադրերի պակասն է, և աշխատուժի ներգրավման հարցում հայցել է պատկան կառույցների աջակցությունը:

Ռոբերտ Ղուբաթյանը գոհունակությամբ նշել է , որ օգտվել է մաքսատուրքերի վերադարձի հետ կապված պետական աջակցության ծրագրից:

Հովհաննես Ավետիսյանն այցելել է նաև «Իտեքս» կարի ֆաբրիկա:

Ֆաբրիկան ունի ավելի քան 1300 աշխատող, տարեցտարի արտադրական ծավալներն ավելանում են, համագործակցում են հիմնականում իտալական ընկերությունների հետ:

Տնօրեն Արթուր Եթիմյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը, քննարկվել են տեքստիլ ոլորտի զարգացման հետ կապված հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:11:19