Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հովնանաձորում կառուցվում է օրվա կարգավորվող ջրամբար՝ Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ
10.07.2025

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի(ՄԱԶԾ) կողմից իրականացվող և Սերբիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակում մեկնարկել է Լոռի Բերդ համայնքի Հովնանաձոր բնակավայրում օրվա կարգավորման ջրամբարի և մղման խողովակաշարի կառուցումը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետի աշխատակազամի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցությամբ։
Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետի պաշտոնակատար Կորյուն Շեկոյանը, Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներն այցելություն են կատարել Լոռի Բերդ համայնք, համայնքապետ Արայիկ Ներսիսյանի ուղեկցությամբ շրջել Հովնանաձոր բնակավայրում կառուցվող օրվա կարգավորման ջրամբարի տարածքում։
Լոռի Բերդի համայնքապետարանում նախ քննարկվել են օրվա կարգավորման ջրամբարի կառուցման ծրագրի մանրամասները, նախանշվել են հետագա համագործակցության հնարավորությունները։
Մարզպետի աշխատակազմի անունից ներկաներին ողջունել և իրականացվող ծրագրի համար շնորհակալական խոսք է հղել Կորյուն Շեկոյանը։
Նա նշել է, որ մարզի զարգացման ռազմավարական կարևոր ուղղություններից են գյուղատնտեսությունը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, նաև ընդգծել, որ ջրամբարի կառուցումը կծառայի միաժամանակ մի քանի նպատակների՝ ոռոգման հզորությունների ընդլայնում, եկամտաբեր գյուղատնտեսության խթանում և կլիմայական դիմակայունության բարձրացում։
-Լոռու մարզպետի աշխատակազմը մշտապես պատրաստ է համագործակցության՝ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ի շահ Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության,- ասել է Կ․ Շեկոյանը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել և մարզի զարգացման տեսանկյունից իրականացվող ծրագիրը կարևորել են Արայիկ Ներսիսյանը, Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Նաթիա Նացվլիշվիլին և այլոք։
Պաշտոնատար անձինք այցելել են նաև օրվա կարգավորման ջրամբարի տարածք՝ ծանոթանալու շինարարության ընթացքին։
Շինարարության փուլում գտնվող ջրամբարի տարողունակությունը 8,900 մ³ է, համալրված է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով։ Ակնկալվում է, որ ծրագրի ավարտից հետո ոռոգման ենթակա հողատարածքները կավելանան 160 հեկտարով, իսկ 240 հեկտար տարածք կդառնա լիովին ոռոգելի։
Ջրամբարի շահառու են Լոռի Բերդ և Ալավերդի համայնքների ինը գյուղական բնակավայրերի՝ Յաղդան, Կողես, Կարմիր Աղեկ, Արևածագ, Ծաթեր, Մղարթ, Այգեհատ, Օձուն և Արդվի բնակավայրերի շուրջ 900 տնային տնտեսություններ։ Անուղղակի շահառուների թիվը գերազանցում է 8000-ը։
Բացի ոռոգման համակարգից, կառուցվում են նաև ջրահեռացման ենթակառուցվածքներ, ինչը միաժամանակ կպաշտպանի նշված գյուղական բնակավայրերն ու այս տարածաշրջանը ջրհեղեղներից՝ նպաստելով էկոհամակարգերի պահպանմանն ու կլիմայական դիմակայունության ամրապնդմանը։