Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորը հյուրընկալել էր TechWeek 2025-ը
07.07.2025
Հուլիսի 4-ին Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, մեկնարկել է տեխնոլոգիաներին նվիրված ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Tech Week 2025-ը։
Վանաձորը TechWeek 2025-ը կհյուրընկալի հուլիսի 4-6-ը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը։
Նրանք շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին՝ Վանաձորում նման բարձրակարգ միջոցառման կազմակերպման համար։
Միջոցառման բացումն իրականացրել են TCF համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը, ԱՏՁՄ նախագահ, Team Telecom Armenia համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Zealous ֆինանսական տնօրեն Սպարտակ Կյուրեղյանը, Layerswap համահիմնադիր տնօրեն Արամ Քոչարյանը:
Անցկացվել է պանելային քննարկում «Մարզում զարգանալու տեղ չունենալը՝ որպես համակարգային խնդիր. պետության բիզնեսի իրական քայլերը՝ ՏՏ թվային ներուժը համայնքներում պահելու, զարգացնելու ուղղությամբ» թեմայով, որին մասնակցել են Մխիթար Հայրապետյանը, Հովհաննես Ավետիսյանը, Zealous hամահիմնադիր տնօրեն Արտակ Չոփուրյանը, ԱՏՁՄ նախագահ, Team Telecom Armenia համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, COAF- ի ներկայացուցիչ Էրիկ Գյուլազյանը:
Քննարկման ընթացքում կարևորվել է շարունակական կրթության դերը, պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը ,երկուստեք իրականացվող մեծածավալ աշխատանքն ու ներդրումները տեխնոլոգիական ոլորտի զարգացման նպատակով։
Պանելային քննարկմանը հաջորդել են թեմատիկ քննարկումները, աշխատարանները, մրցույթները, միաժամանակ իրականացվում էր նաև տեխնոլոգիական, կրթական ցուցահանդես:
Միջոցառումների հետագա օրերը ևս նախատեսվում է անցկացնել հագեցած և բազմաբովանդակ ծրագրով՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ տեխնոլոգիաներից մինչև կրթություն ու համայնքային համագործակցություն։
Վանաձորի ընտրությունը պատահական չէ։
Նախաձեռնության նպատակը տեխնոլոգիական կյանքի կենտրոնը Երևանից տեղափոխելն է դեպի մարզեր։ Նախորդ տարի այն անցկացվել է Գյումրիում։
Միջոցառման շրջանակում նախատեսված են կոնֆերանսներ, պանելային քննարկումներ, տեխնոլոգիական մրցույթներ ու հաքաթոններ, աշխատանքային գործնական աշխատարաններ։
Tech Week-ի ուշադրությունը կենտրոնանալու է մարզային մասնագիտական ներուժի բացահայտման վրա։
Աշխատարանները վարելու են ոլորտի լավագույն մասնագետները՝ օգնելով մասնակիցներին կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում։
Իսկ նրանց համար, ովքեր արդեն ներգրավված են ոլորտում, նախատեսվում են առանձին միջոցառումներ ու հարթակներ փորձի փոխանակման և նոր կապերի ձևավորման համար։
Շաբաթն ամփոփվելու է մեծ համերգով Վանաձորի կենտրոնական հրապարակում:



