Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ պարգևատրվեցին մի խումբ նվիրյալներ
24.06.2025

Բուժաշխատողի օրվա առթիվ հունիսի 23-ին Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից Վանաձորի տիկնիկային թատրոնում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Այդ առիթով հրավիրվել էին մարզի առողջապահական հիմնարկների բուժաշխատողները:
Մարզպետի պաշտոնակատար, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի կողմից գնահատանքի ջերմ խոսքերի արժանացան մարզի առողջապահության ոլորտի աշխատակիցները.
-Ձեր ամենօրյա գործը պահանջում է բացառիկ պատասխանատվություն, համբերություն ու հոգատարություն, քանի որ ձեր ձեռքերում մարդկային կյանքեր են։ Ձեր նվիրումով է, որ մեր մարզի առողջապահական համակարգը շարունակում է կայունորեն զարգանալ՝ ապահովելով որակյալ ծառայություններ և հուսալի աջակցություն մեր քաղաքացիներին,- ասաց նա:
Առողջապահության ոլորտի նվիրյալներին ուղղված գնահատանքի և մեծարանքի խոսքեր ասացին նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը, Լոռու մարզի առողջապահական աշխատողների արհեստակցական միության նախագահ Լաուրա Հակոբյանը:
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Լոռու մարզպետի պաշտոնակատարի շնորհակալագրերով պարգևատրվեցին ոլորտի մի խումբ նվիրյալներ:
Շնորհակալագրեր հանձնվեցին նաև Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպության կողմից:
Միջոցառումն ուղեկցվում էր Sad Studıo համույթի երաժշտական կատարումներով: