Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռիում մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը

24.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր՝ հունիսի 23֊ին, Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը:
5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով:
Ողջունելով վերապատրաստման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ բնագիտական և տեխնոլոգիական առարկաների դասավանդման որակի բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում՝ այդ թվում դպրոցներում ստեղծելով արդիական լաբորատորիաներ:
Ծրագրի շրջանակում կվերապատրաստվի «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչ՝ Լոռու մարզի 63 դպրոցից:
Վերապատրաստման երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 28-ին՝ շուրջ 150 ուսուցչի համար: Այն իրականացնում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը։
«ԲՏՃՄ առարկաների ուսուցման որակի բարելավման առումով առաջնային անհրաժեշտություն է լաբորատորիաների ներդրման գործընթացը, որը հրաշալի հնարավորություններ է ընձեռում ամենաբարդ թվացող խնդիրները երեխաների համար դարձնել ավելի մատչելի ու հասկանալի: Ակնհայտ է՝ այս գործընթացը ենթադրում է նաև ուսուցիչների կարողությունների զարգացում, որպեսզի լաբորատորիաների օգտագործումը լինի նպատակային և արդյունավետ։ Շատ կարևոր է, որ սարքավորումները կիրառելիս ուսուցիչն իրեն վստահ զգա լաբորատորիայում»,- ասել է նախարարը և շնորհակալություն հայտնել ուսուցիչներին ուսումնական տարվա ավարտից հետո մասնագիտական գիտելիքը բարելավելու պատրաստակամության համար:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մշակվել են համապատասխան ձեռնարկներ և տեսադասեր, որոնք կօգնեն ուսուցիչներին լաբորատորիաները կիրառելու հարցում: Նա տեղեկացրել է, որ զուգահեռ աշխատանքներ են իրականացվում՝ Մանկավարժական համալսարանում նույնպես ներառելու նմանատիպ հմտություններ. մասնավորապես՝ բնագիտական և տեխնոլոգիական ուսուցիչների համար ձևավորվել է գերազանցության կենտրոն՝ ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը:
Հանդիպման շրջանակում ուսուցիչները նախարարին ուղղել են իրենց հուզող հարցերը:
Պաշտոնյաներն այցելել են նաև Վանաձորի թիվ 13 ավագ դպրոց, որտեղ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ:
Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված և ընթացիկ աշխատանքներին, առկա խնդիրներին:
Դպրոցը նախատեսված է 500 աշակերտի համար. ըստ պայմանագրի՝ այն շահագործման կհանձնվի տարեվերջին՝ ամբողջապես հագեցվելով նոր գույքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:11:19