Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրազեկում՝ Լոռու մարզում
24.06.2025

Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակում հունիսի 20-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց իրազեկման հանդիպում։
Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Լոռու մարզպետի աշխատակազմի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի փոխգործակցությամբ։
Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուժության բաժնի գլխավոր անասնաբույժներ Լուսինե Չոբանյանը և Լիլիթ Բաղադասարյանը:
Ներկա էին Լոռու մարզի համայնքների վարչական ղեկավարները, անասնապահությամբ զբաղվող ֆերմերներ, սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարողներ, մարզային համաճարակաբաններ, ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Մասնագետները ներկայացրեցին ծրագրի կարևորությունը, տեղեկացվեց, որ համակարգի ամբողջական ներդրումը թույլ է տալիս հավաստի տեղեկատվություն ստանալ երկրում առկա խոշոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի, դրանց սեռի, ցեղային կազմի, գտնվելու վայրի և տեղաշարժի վերաբերյալ։
Նշվեց, որ ծրագիրը նպատակ ունի բարելավել կենդանիների հիվանդությունների կանխարգելման, տարածման, վերահսկման և կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը, արդյունավետ իրականացնել վերահսկման գործընթացը և էապես բարձրացնել սպառողների վստահությունը կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության նկատմամբ։
Մասնագետների հավաստմամբ՝ կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը ֆինանսական բեռ չի ավելացնում գյուղացու կամ ֆերմերի համար, և կոչ արեցին աջակցել հաշվառումն իրականացնող խմբերին:
Ներկաները հարցեր բարձրացրեցին ծրագրի իրականացման ընթացակարգերի վերաբերյալ, որոնց տրվեցին պարզաբանումներ: Պաշտոնյաները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ մասնագիտական և տեղեկատվական աջակցություն համայնքներին՝ ծրագրի արդյունավետ իրականացման համար։