Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի դպրոցականները ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանում
20.06.2025

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ամենամյա ծրագրի շրջանակում Լոռու մարզի 300 դպրոցական այս տարի ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանում։
Այսօր՝ հունիսի 20-ին, մարզի տարբեր համայնքներից 150 երեխա մեկնեց Հանքավանի «Լուսաբաց» մանկական ճամբար՝ մասնակցելու առաջին հերթափոխին։
Երեխաներին բարի ճանապարհ մաղթեցին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, վարչության մասնագետները, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Ողջունելով ճամբարականներին և նրանց ծնողներին՝ Նաիրա Բարիկյանը նշեց, որ պետական աջակցությամբ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի դպրոցականներին պարգևել ամառային անհոգ առօրյա: Նա երեխաներին մաղթեց անմոռանալի հանգիստ և վառ տպավորություններ։ Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին՝ բարձր գնահատելով պետության աջակցությամբ նման հնարավորության ընձեռումը։
Ճամբարը կգործի 7-13 տարիքային խմբի երեխաների համար՝ երկու հերթափոխով՝ 9-օրյա տևողությամբ։ Առաջին հերթափոխը կանցկացվի հունիսի 20-29-ը, երկրորդը՝ հունիսի 29-ից հուլիսի 8-ը։
ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաները։