Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
16.06.2025

Լոռու մարզպետի պաշտոնակատար, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր՝ հունիսի 16-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով, ներկայացրել նաև ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքները:
Առողջապահության ոլորտի հետ կապված իրազեկվել է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի «Մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի» և «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մասնագետների կողմից Լոռու մարզում իրականացված բուժառուների անվճար ընդունելության և բժիշկների համար ՇՄԶ կրեդիտավորված անվճար դասընթացների, ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ իրականացված ուսումնակրթական արշավի և անվճար խորհրդատվությունների, Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղի մասնագետների և մարզի առողջապահական ընկերությունների տնօրենների, համաճարակաբանների, վարակաբանների մասնակցությամբ անցկացված գործակարգավարական խորհրդակցության արդյունքների վերաբերյալ:
Քննարկվել են նաև հունիսի 21-ին նախատեսվող Բուժաշխատողների օրվա կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների հետ կապված հարցեր:
Կրթության ոլորտում ընթացքի մեջ են ավարտական քննությունները, իրականացվում են վերջինիս պատշաճ կազմակերպման հետ կապված գործընթացները:
Գյուղատնտեսության ոլորտում ամփոփվում են նաև վերջին օրերին տեղացած կարկուտի հասցրած վնասների վերաբերյալ արձանագրությունները: Հ. Ավետիսյանը հանձնարարել է գործընթացը կազմակերպել առավել օպերատիվ:
Տեղեկացվել է նաև, որ «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրից օգտվելու համար դիմել է 1135 շահառու՝ 3840.78 հեկտարում ցանքս իրականացնելու համար(նախորդ տարի՝ 1027 շահառու՝ շուրջ 2700 հեկտար):
Քաղաքաշինության ոլորտում շարունակվում են մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մշտադիտարումները և 2025թ.-ի սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը:
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում նախատեսվող քայլարշավային և տեխնոլոգիական փառատոներին վերաբերող կազմակերպչական հարցերի:
Քննարկվել են նաև այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ: