Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փամբակ համայնքում պաշտոնապես բացվեց «Մաունթրի» հյուրանոցային համալիրը
09.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, պաշտոնատար այլ անձինք հունիսի 7-ին Փամբակ բնակավայրում մասնակցեցին «Մաունթրի» հյուրանոցային համալիրի բացման պաշտոնական արարողությանը:
Հյուրը շրջեցին բարձրակարգ հյուրանոցային համալիրում, ծանոթացան կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին (շուրջ 50) և առաջարկվող ծառայությունների որակին: Ըստ պատասխանատուների՝ աշխատատեղերի թիվը ծրագրի ամբողջական ավարտից հետո նախատեսվում է հասցնել 300-ի:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ելույթում նշեց, որ Լոռու մարզում ժամանակակից պահանջներին համապատասխանող հյուրանոցային համալիրի բացումը կարևոր քայլ է զբոսաշրջության և սպասարկման ծառայությունների զարգացման գործում:
- Մենք պատրաստ ենք նաև աջակցել այս նախագծի հաջորդ փուլերում, որպեսզի այստեղ այլ ենթակառուցվածքներ կառուցվեն, մասնավորապես ճոպանուղի, որը կդառնա նոր զբոսաշրջային հոսքերի ավելացման կարևոր գործոններից մեկը,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Հովհաննես Ավետիսյանը ևս կարևորեց իրադարձությունը՝ նշելով, որ նման նախագծերը խթանում են տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի իրացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նա հույս հայտնեց, որ «Մաունթրի» հյուրանոցային համալիրը կկարողանա ավելի շատ զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրել դեպի Լոռու մարզ՝ նպաստելով համայնքների սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը:
- Պետությունը ողջունում է մարզերի գրավչության բարձրացմանը նպաստող և մեծ ու փոքր բնակավայրերի զարգացումն ապահովող բոլոր նախաձեռնությունները: Սա վառ օրինակ է պետություն-համայնք և մասնավոր արդյունավետ փոխհամագործակցության,- ասել է Հովհաննես Ավետիսյանը:
Համալիրը կառուցվել է տեղական ներդրողների՝ Գևորգյան եղբայրների կողմից, որոնց նպատակն է նպաստել հայրենի գյուղի և մարզի շենացմանը: Ծրագրի միայն առաջին փուլի ներդրումը կազմել է 8 միլիոն ԱՄՆ դոլար:
«Մաունթրի» հյուրանոցի շինարարությունը մեկնարկել էր 2021 թվականի հունիսին։
Սենյակային 32 համարներից բացի, հյուրանոցում առկա են 3 շալեներ, ռեստորաններ, բարեր, փակ լողավազան, սպա կենտրոն, կոնֆերանս դահլիճ, մարզասրահ, այլ ժամանակակից ենթակառուցվածքներ։