Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ են անցկացվել Վանաձոր և Սպիտակ համայնքներում
04.06.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ խնամատարության զարգացմանն ուղղված միջոցառումների շրջանակում հունիսի 3-ին Վանաձորում անցկացվել է հանդիպում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված կառույցների ներկայացուցիչների, խնամատարությամբ հետաքրքրված անձանց մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր իրազեկել ՀՀ-ում ներդրված խնամատար ընտանիքի ինստիտուտի մասին՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար այլընտրանքային խնամքի ձև:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Իրինա Մարտիրոսյանը: Կարևորելով խնամատարության համակարգի նշանակությունը կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների բարեկեցության ապահովման գործում՝ նա նշել է, որ Լոռու մարզում խնամատարության ինստիտուտն ամենակայացածներից է. Հայաստանում խնամատար ընտանիքների թվով ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է: Խնամատարություն իրականացնում է 24 ընտանիք: Այս ընտանիքներում ապրում է 36 հոգեզավակ, որոնցից երկուսն ստանում են մասնագիտացված խնամք:
Հանդիպումը վարել է ՀՀ-ում խնամատարության հիմնադիր, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի տնօրեն Միրա Անտոնյանը: Նա ներկայացրել է խնամատարության գործընթացը և խնամատարության զարգացման միջոցով երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացման խթանմանն առնչվող մի շարք հարցեր:
Մ. Անտոնյանն ընդգծել է, որ խնամատարությունը նպաստում է երեխաների հոգեբանական և սոցիալական զարգացմանը՝ հնարավորություն տալով նրանց ապրել ընտանեկան միջավայրում: Այս համակարգը կարևոր դեր է խաղում այլընտրանքային խնամքի հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման գործում:
Նշվել է, որ խնամատար ծնող կարող է դառնալ յուրաքանչյուր պատասխանատու, հոգատար և օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացի:
Թեմայի վերաբերյալ իրենց աշխատանքային փորձառությունն են ներկայացրել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանը, Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը:
Բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին:
Խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ են անցկացվել նաև Սպիտակ համայնքում: