Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավանում Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց հիմնանորոգված քաղաքային զբոսայգու բացմամբ

01.06.2025

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ստեփանավանում նշանավորվել է վերանորոգված քաղաքային զբոսայգու հանդիսավոր բացմամբ։ Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի պաշտոնյաներ, բնակիչներ, հյուրեր, բազմաթիվ երեխաներ։
Միջոցառման ընթացքում հնչել են ողջույնի և շնորհավորական ելույթներ՝ ուղղված երեխաներին, համայնքի բնակիչներին և բոլոր ներկաներին։
Իր ելույթում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ներկաներին շնորհավորել է զբոսայգու բացման կապակցությամբ և Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ մաղթելով նրանց առողջություն, ժպիտներ և անհոգ մանկություն, իսկ ծնողներին՝ ուժ, համբերություն ու սեր՝ երեխաների կողքին լինելու և նրանց առաջնորդելու համար:
- Այս գեղեցիկ օրն առիթ է միասին նշելու Ստեփանավան համայնքի զարգացմանն ուղղված հերթական նախաձեռնությունը, որը կյանքի է կոչվել պետություն-համայնք համագործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Այս զբոսայգին ոչ միայն գեղատեսիլ տարածք է, այլև համայնքի զարգացման վառ օրինակ։ Այն ապացուցում է, որ արդյունավետ համագործակցությամբ հնարավոր է իրականացնել բովանդակալից և երկարաժամկետ արդյունքներ ունեցող ծրագրեր։ Պետության կողմից ցուցաբերված աջակցությունն ու համայնքի ակտիվ մասնակցությունը դարձան այս նախագծի իրականացման հիմնական շարժիչ ուժերը,- նշել է մարզի ղեկավարը։
ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն իրենց ելույթներում հույս են հայտնել, որ վերանորոգված և երեխաների ակտիվ հանգստի կազմակերպման համար նախատեսված այգին շուտով կդառնա ոչ միայն ստեփանավանցիների, այլև Լոռու մարզի այլ համայնքների բնակիչների և զբոսաշրջիկների սիրելի հանգստի վայրերից մեկը։
Ստեփանավանի քաղաքային զբոսայգու բարեկարգման և արդիականացման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետական և համայնքային համատեղ ներդրումներով։ Ծրագիրը կյանքի է կոչվել երկու փուլով՝ ընդհանուր մոտ 640 մլն դրամ արժեքով։ Իրականացվել են այգու տարածքի և անցուղու հիմնանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել կարուսելներ, այլ անհրաժեշտ պարագաներ։
Վերակառուցված այգին համալրված է ժամանակակից ատրակցիոններով, կանաչապատ տարածքներով, վերանորոգված անցուղիներով, նստարաններով և երեխաների համար նախատեսված խաղահրապարակներով։ Նախագծի իրականացումն ուղղված է համայնքի բնակիչների համար առավել հարմարավետ, ապահով և գրավիչ հանրային տարածքի ստեղծմանը։
Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական կատարումներով, մանկական խաղերով և տոնական տրամադրությամբ։ Օրվա ընթացքում այգու բոլոր խաղային ատրակցիոններն ու ժամանցային հարթակները գործում են անվճար հիմունքներով՝ ապահովելով ուրախ և հիշարժան օր համայնքի փոքրիկների համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 14:24:28