Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Վերջին զանգը» հնչեց Լոռու մարզի դպրոցներում
23.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ մայիսի 23-ին, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մասնակցել է «Վերջին զանգի» հանդիսավոր միջոցառմանը:
Մարզպետը շնորհավորել է շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ ուսումնառության մեջ և կյանքում.
-Բարի երթ ձեզ, սիրելի շրջանավարտներ: Մի քանի տարուց դուք եք ժառանգելու մեր երկիրն՝ իր մշակույթով, գիտությամբ, տնտեսությամբ, պետական ու հասարակական կառույցներով հանդերձ ու ձգտելու եք այն ավելի լավը դարձնել: Միշտ հիշեք, որ կյանքում ինչ հաջողությունների էլ հասնեք, ձեր գիտելիքների ու ձեռքբերումների համար առաջին հերթին պարտական եք ձեր ուսուցիչներին: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին, ովքեր բազում երազանքներ ունեն ձեզ հետ կապված և, վստահ եմ, այսօր ձեզնից առավել են հուզված,-ասել է մարզի ղեկավարը:
Շնորհավորանքի և բարեմաղթանքի հուզիչ խոսքեր են հղել նաև դպրոցի տնօրեն Հեղինե Կոստանյանը, ուսուցիչները, ծնողները:
Շրջանավարտները ներկայացել են գեղեցիկ միջոցառմամբ՝ մշակութային վերջին զանգով՝ նվիրված հայկական մշակույթին, լեզվին, երաժշտությանը, հայոց պատմությանը: Այն կրում էր «Ճանաչել, պահպանել և ժառանգել» խորագիրը: Աշակերտները, հրաժեշտ տալով հարազատ դպրոցին, խոստացան բարձր պահել կրթօջախի պատիվը:
Այսօր գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպվել մարզի մյուս դպրոցներում ևս, որոնց ներկա են եղել Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, շրջանավարտերին փոխանցել Լոռու մարզպետի ուղերձը:
Լոռու մարզում դպրոցին հրաժեշտ է տալիս 1513 շրջանավարտ, 9-րդ դասարանն ավարտում է 3079 աշակերտ: