Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու անտառները հարստացան վերացման եզրին հայտնված 9 եղջերուներով
23.05.2025

Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ, Լոռու մարզի Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի շրջակա անտառային տարածքում տեղի ունեցավ կովկասյան ազնվացեղ եղջերուների բնություն արձակման արարողությունը: Այս խորհրդանշական գործողությունը բնապահպանական կարևոր ուղերձ էր՝ ուղղված կենսաբազմազանության վերականգնմանը և վայրի բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։
Եղջերուների վերաբնակեցումը պատմական կարևորություն ունի․ առաջին անգամ ազնվացեղ եղջերուները վերադարձան Լոռու բնաշխարհ, որտեղ ժամանակին նրանք լայնորեն տարածված էին։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի COP 17 համաժողովի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լևոն Աղասյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպանը, նախարարությունների, Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, միջազգային կազմակերպությունների պատասխանատու այլ պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բնապահպաններ:
Հաշվի առնելով մարզի լանդշաֆտային և կլիմայական առանձնահատկությունները՝ առաջին անգամ Լոռու մարզում բնություն արձակվեց թվով 9 ազնվացեղ եղջերու:
Առանձնյակները բաց թողնվեցին ռադիոսարքերի տեղորոշման վզկապներով՝ բնության մեջ դրանց տեղաշարժը վերահսկելու և կենդանիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Հատուկ ստեղծված մշտադիտարկման համակարգի միջոցով արձակված կենդանիներին կհետևեն մասնագետները և էկոպարեկները:
Եղջերուները Լոռի են բերվել «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնից:
Ծրագրի հիմնական նպատակն է բնական պայմաններում վերականգնել ազնվացեղ եղջերուի պոպուլացիան, ինքնավերարտադրումը և բազմացումը Հայաստանում։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և WWF-Հայաստանի համագործակցությամբ՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» նախաձեռնության շրջանակում, որը մեկնարկել է 2013 թվականից։
Կենսաբազմազանության միջազգային օրվա միջոցառման երկրորդ մասն անցկացվեց ՔՈԱՖ կենտրոնում, որին մասնակցեց նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն իրենց ելույթներում կարևորեցին կենսաբազմազանության պահպանության համապարփակ նշանակությունը՝ որպես երկրի բնապահպանական, սոցիալ-տնտեսական և անվտանգային քաղաքականության հիմնասյուներից մեկը։
Հանդիպմանը ներկայացվեց նաև https://treeme.am/ ծառատնկման առցանց հարթակը, որը հնարավորություն է տալիս միանալու անտառտնկման նախագծերից որևէ մեկին և օգնելու վերականգնել բնությունը՝ տնկելով ծառեր այնտեղ, որտեղ առավել անհրաժեշտ է։