Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը Նոր Խաչակապի դպրոցում հանդիպում ունեցել ուսուցչական կազմի, ծնողների և բնակիչների հետ
22.05.2025

Մայիսի 21-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այցելել է Սպիտակ խոշորացված համայնքի Նոր Խաչակապ բնակավայր, դպրոցում հանդիպում ունեցել ուսուցչական կազմի, ծնողների և բնակիչների հետ: Մարզի ղեկավարին ուղեկցել են Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, բնակավայրի վարչական ղեկավարը:
Մարզի ղեկավարը նշել է, որ այցի նպատակը ՀՀ կառավարության կողմից իրականացվող կրթական բարեփոխումների շրջանակներում նախատեսվող ծրագրերի ներկայացումն է:
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ծրագրով նախատեսվում է նոր դպրոցների, կրթահամալիրների կառուցում և վերակառուցում: Ծրագիրը միտված է ապահովելու արդիական, անվտանգ և հարմարավետ պայմաններում բարձրորակ կրթություն հանրապետության բոլոր բնակավայրերում:
-Նպատակը մեկն է՝ մեր երեխաների համար ուսումնական գործընթացը կազմակերպել հարմարավետ կրթական միջավայրում, ինչը ևս կրթության որակի բարելավմանն ուղղված քայլ է,-ասել է Ա. Ղազարյանը:
Մարզպետը պատասխանել է նաև ներկաների հարցերին՝ կապված գործընթացի իրականացման հետ:
Նոր Խաչակապի բնակիչներն, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մարզի ղեկավարին հարցեր են ուղղել բնակավայրի տարաբնույթ խնդիրների վերաբերյալ ևս: Մարզի ղեկավարը նշել է, որ համայնքի խոշորացումից հետո պետություն-համայնք համատեղ ներդրմամբ այստեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել և այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու: