Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը 30 տարեկան է

19.05.2025

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն այս տարի տոնում է հիմնադրման 30-ամյակը: Մայիսի 16-ին Մարգահովիտ համայնքում տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Քերոլին Մուգարը, գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պաշտոնյաները, հիմնադրամի ներկայացուցիչները, հյուրեր։
Միջոցառումն ամփոփել է հիմնադրամի երեք տասնամյակների բնապահպանական գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով կայունության, շրջակա միջավայրի պահպանության և կրթության կարևորությունը։
Միջոցառման ընթացքում մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից հոբելյանական տարեդարձի առթիվ ներկաներին շնորհավորական խոսք է հղել Արուս Թումանյանը, նշել, որ հիմնադրամը շուրջ 30 տարի բնապահպանական, անտառվերականգնման ծրագրեր է իրականացնում մարզում՝ նպաստելով էկոհամակարգի վերականգնմանը, շրջակա միջավայրի պահպանությանը:
-Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի Մարգահովիտ բնակավայրում գտնվող «Էյ Թի Փի» հիմնադրամի «Միրաք ընտանիքի անվան» անտառվերականգնման տնկարանային տնտեսության գործունեությունը, որտեղ աճեցված տնկիներով անտառապատվել են մարզի 16 բնակավայրերի տարածքները։ Առանձնահատուկ ուզում եմ կարևորել նաև այն, որ իրականացվում են բնապահպանության կրթական ծրագրեր, որոնք չափազանց կարևոր են դպրոցականներին բնության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ հաղորդելուն, բնության հանդեպ սեր արթնացնելուն,-մասնավորապես ասել է նա:
Ջինմարի Փափելյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ «Էյ Թի Փին» այս տարիների ընթացքում տնկել է շուրջ 9 միլիոն ծառ՝ ավելի քան 1600 հեկտար անտառային և թվով 1800 համայնքապատկան տեղամասերում։ Իրականացրել են նաև բնապահպանական կրթության ծրագրեր։ Նա շնորհակալություն է հայտնել մարզպետի աշխատակազմին, համայնքապետարանի պաշտոնյաներին և բոլոր կառույցներին՝ հիմնադրամի գործունեության ընթացքում աջակցություն ցուցաբերելու համար։
Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները վերահաստատել են մարզում նման նախաձեռնություններին շարունակական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ընդգծելով բնության պահպանության և համայնքային մասնակցության կարևորությունը։
Միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել «Միրաք ընտանիքի անվան» տնկարանում, որտեղ ներկայացվել են անտառվերականգնման գործընթացները, տնկիների աճեցման և խնամքի առանձնահատկությունները։
«Օհանյան կրթական կենտրոնի» էկո ակումբների սաները ներկայացրել են իրենց բնապահպանական նախաձեռնությունները և ցուցադրել ստեղծագործական աշխատանքները։
Միջոցառումն ուղեկցվել է հայկական ավանդական երգ ու պարերով

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 09:41:46