Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Անկեղծ զրույց մարզպետի հետ». Լոռու մարզպետը հանդիպել է Վանաձորի պետական համալսարանի ուսանողների հետ
13.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն մայիսի 13-ին Վանաձորի պետական համալսարանում հանդիպում է ունեցել բուհի մի խումբ ուսանողների հետ: Մարզի ղեկավարին և ուսանողներին ողջունել է բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանը և շնորհակալություն հայտնել Արամ Ղազարյանին նման նախաձեռնություն ցուցաբերելու համար: Իր խոսքում նա ընդգծել է այսօրինակ հանդիպումների կարևորությունը մի շարք արդիական հարցերի բարձրաձայնման և երիտասարդ սերնդին պետության, մարզի, համայնքների զարգացման գործընթացներում ներգրավելու առումով:
«Անկեղծ զրույց մարզպետի հետ» խորագրի ներքո մարզի ղեկավարը ուսանողների հետ զրուցել է այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են.
1. Կրթության որակը ՀՀ-ում, մասնավորապես՝ Լոռու մարզում:
2. Հասարակությանը հուզող անցանկալի երևույթները և դրանց լուծման ուղիները:
3. Լոռու մարզի՝ Վանաձորի զարգացման տեսլականը և երիտասարդների ներգրավումը մարզի զարգացման գործընթացներում:
4. Որտեղի՞ց է սկսվում Հայրենիքը:
Անդրադառնալով կրթությանը՝ Արամ Ղազարյանն ընդհանուր առմամբ ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները և ընդգծել կրթական որակի բարձրացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա համաշխարհային շուկայում լինել պահանջված և որակյալ մասնագետներ, ապահովել սեփական անձի և ընտանիքի բարեկեցությունը, ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում: Նա նաև նշել է, որ միայն ակադեմիական գիտելիքը բավարար չէ պահանջված մասնագետ լինելու համար և գիտության ու տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման հարահոսում շատ կարևոր է ինքնակրթվելը և ոչ ֆորմալ կրթությունը:
-Յուրքանչյուրս պարտավոր ենք նոր գիտելիքներ ստանալ ամեն օր, ցանկացած տարիքում,-ասել է մարզպետը:
Նա նաև նշել է, որ կրթվելը միայն գիտելիք ստանալը չէ, այլև կիրթ և հարգալից վերաբերմունքը շրջապատի հանդեպ:
Մարզպետը հանգամանորեն ներկայացրել է նաև ՀՀ կառավարության մինչև 2026թ.-ը իրականացվող «300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման» ծրագիրը, որի նպատակն՝ ինչպես մարզում, այնպես էլ՝ հանրապետությունում կրթական բարենպաստ միջավայրի ձևավորումն է, հարմարավետ պայմանների ստեղծումը աշակերտների և մանկավարժների համար, որպեսզի ուսումնառության գործընթացը լինի առավել հաճելի:
Հասարակությանը հուզող անցանկալի երևույթներին անդրադառնալով՝ մարզպետը նշել է, որ այդ խնդիրներն ամենուր են, իսկ պատճառները յուրքանչյուրը պետք է փնտրի իր մեջ և իր շրջապատում: Այս առումով Արամ Ղազարյանը կարևորել է հատկապես պետականամետ ու երկրի ապագայի համար մտահոգ քաղաքացու ձևավորման անհրաժեշտությունը, նշել, որ ամեն արատավոր երևույթ ծնվում է անտարբերությունից: Նա ընդգծել է նաև իրավագիտակից և պահանջատեր քաղաքացի լինելու կարևորությունը:
Մարզի ղեկավարը հանգամանորեն խոսել է նաև Լոռու մարզի և մասնավորապես՝ մարզկենտրոն Վանաձորի համար շարունակական զարգացում ապահովելու հեռանկարներից, նշել, որ այս հարցում իրենց մեծ դերակատարությունը պետք է ունենան երիտասարդներն իրենց գաղափարներով, մասնակցություն ունենալու պատրաստակամությամբ:
Արամ Ղազարյանը նշել է, որ պետք է սկսել փոքր գործերից՝ հոգ տանելով սեփական միջավայրի համար և ապա անցում կատարել առավել գլոբալ խնդիրների:
Նա ևս մեկ անգամ փաստել է, որ երիտասարդությունը հզոր ներուժ է և մեծ ներդում կարող է ունենալ ցանկացած ոլորտի առաջընթացի հարցում:
Մարզպետը պատախանել է նաև երիտասարդների հարցերին՝ կապված դպրոցական կլաստերների ստեղծման, երիտասարդների զբաղվածության, ժամանցի ապահովման հետ և այլն: