Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը Վանաձորում հանդիպել է տնակային ավանի բնակիչներին՝ տեղում ծանոթանալու հիմնախնդիրներին
12.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 12-ին այցելել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի տնակային ավան, հանդիպել ժամանակավոր կացարաններում բնակվող քաղաքացիների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, 2018 թվականից ՀՀ վարչապետի հանձարարությամբ ստեղծված աղետի գոտու խնդիրներով զբաղվող հանձնաժողովի անդամներ՝ Քաջիկ Թադևոսյանը, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Քոթանջյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Արամ Ղազարյանն ընդգծել է, որ հանդիպման նպատակն է ներկա պահի դրությամբ առավել ամբողջական պատկերացում կազմել տնակային ավանի վերաբերյալ, ծանոթանալ քաղաքացիների խնդիրներին՝ նպատակային և արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար:
Պաշտոնյաները լսել են քաղաքացիների մտահոգությունները, քննարկել նրանց բնակարանային խնդիրների հետ կապված հարցեր:
Արամ Ղազարյանը նշել է, որ թեև Սանկտ Պետերբուրգ տնակային ավանում բնակվող ընտանիքները երկրաշարժի հետևանքով չեն կորցրել իրենց բնակարանները, և պետությունը իրավական տեսանկյունից բնակարանի փոխհատուցման պարտավորություններ չունի նրանց նկատմամբ, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունը մեծապես մտահոգված է այս հարցով և քննարկվում են խնդրի լուծման տարբերակներ:
Մարզպետը հավաստիացրել է, որ առկա տեղեկավական բազան առաջիկայում կհստակեցվի, կկատարվի ընտանիքների կարիքների գնահատում՝ ՀՀ կառավարությանը ներկայացնելու նպատակով:
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել համագործակցելու խնդրի լուծման հարցում:
Բնակիչները հարցեր են բարձրացրել նաև կոմունալ ենթակառուցվածքների վիճակի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին մարզպետը հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնյաներին՝ բարձրաձայնված անհետաձգելի խնդիրները ողջամիտ ժամկետներում կարգավորելու համար: