Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձը
08.05.2025

Մայիսի 5-ին նշվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձը։ Այդ առիթով ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնում մայիսի 7-ին կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ ՌՈ պետի տեղակալ, գնդապետ Արմեն Սողոմոնյանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մարտիրոս Ավագյանը, Լոռու կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Ապրեսյանը, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ սպաներ, ՌՈ զինծառայողներ և վետերաններ։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքում մարզի ղեկավարը բարձր է գնահատել ռազմական ոստիկանության կարևոր դերը զինված ուժերում օրինականության և կարգուկանոնի պահպանման գործում՝ ընդգծելով, որ նրանց՝ նվիրումով և պատասխանատվությամբ իրականացվող ծառայությունը կարևոր բաղադրիչ է մեր երկրի պաշտպանության կազմակերպման և զինված ուժերում կանոնակարգված միջավայրի ձևավորման գործում։
- Վստահ եմ՝ այստեղ ծառայող յուրաքանչյուր ռազմական ոստիկան անձնվիրաբար, պատվով և մեծ պատասխանատվությամբ է կատարում իր առջև դրված խնդիրները և ռազմական ոստիկանության ծառայողները հետայսու էլ անշեղորեն կկատարեն իրենց պարտականությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի: Ցանկանում եմ Ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ, մաղթում՝ բարի և անփորձանք ծառայություն,- ասել է մարզի ղեկավարը:
Միջոցառման շրջանակում Արամ Ղազարյանը շնորհակալագրերով է պարգևատրել բաժնի պետ Վահան Անտոնյանին և մի շարք զինծառայողների՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության ապահովման գործում նշանակալի ներդրման, մասնագիտական պարտքի բարձր գիտակցման, ծառայողական պարտականությունները նվիրումով կատարելու և օրինակելի ծառայության համար։
Ներկա զինծառայողներին և ՌՈ վետերաններին շնորհավորել, ՀՀ ՌՈ պետի և ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից պարգևներ և պատվոգրեր են հանձնել նաև գնդապետ Արմեն Սողոմոնյանը և գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը։
Նշանակալի օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորանքի և շնորհակալական խոսք է հղել նաև փոխգնդապետ Վահան Անտոնյանը։ Նա իր խորին երախտագիտությունն է հայտնել մարզպետ Արամ Ղազարյանին և ներկաներին գնահատանքի ջերմ խոսքերի, տոնի առթիվ բաժնում հյուրընկալվելու համար: Աշխատանքային գործունեությունը բարձր պատասխանատվությամբ կատարելու համար բաժնի պետը պատվոգրեր է հանձնել մի խումբ աշխատակիցների։