Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են Լոռու մարզում ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքները և հնարավոր նոր նախաձեռնությունները
08.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետի պաշտոնակատար Կորյուն Շեկոյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանը, «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի ղեկավար Հարություն Գյուրգյանը, պաշտոնատար այլ անձինք:
Իր ողջույնի խոսքում մարզպետ Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի հետ գործակցությունը՝ հատկապես ընդգծելով վերջինիս կարևորությունը Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին իրականացվող բազմաթիվ ծրագրերի և արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում մասնակիցները հանգամանորեն քննարկել են Լոռու մարզում ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքները:
Կողմերը գնահատել են ձեռքբերումները և նախանշել հնարավոր նոր նախաձեռնություններ հետևյալ ուղղություններով՝
• համայնքների կայուն զարգացում,
• շրջակա միջավայրի պահպանություն,
• գյուղատնտեսության զարգացում,
• նորարարական տեխնոլոգիաների ներդրում և այլն:
Իր հերթին, Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ՄԱԶԾ-ն կշարունակի սերտ համագործակցությունը Լոռու մարզպետի աշխատակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ համատեղ ջանքերով զարգացնելու մարզի համայնքները։
Հանդիպման արդյունքում մարզպետ Արամ Ղազարյանը և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպելու այցեր ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի տարածքներ՝ տեղում գնահատելու կատարված աշխատանքները: