Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել

06.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 5-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, ընթացիկ խնդիրների և դրանց լուծման ուղիների հետ կապված հարցեր:
Լոռու մարզպետն ընդգծել է պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող բոլոր շինարարական աշխատանքների շարունակական վերահսկողության կարևորությունը: Արամ Ղազարյանը պատասխանատու անձանց հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքների որակին՝ պետական միջոցների արդյունավետ օգտագործման և համայնքային զարգացման ծրագրերի պատշաճ իրականացման նպատակով:
Նա նշել է, որ նախատեսված յուրաքանչյուր նախագիծ պետք է իրականացվի բարձր որակով և սահմանված ժամկետներում՝ ապահովելով մարզի բնակիչների կյանքի որակի բարելավումը:
Մարզի ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի տնակային ավանի բնակիչների խնդիրներին, որոնք ճակատագրի բերումով տարիներ շարունակ ապրում են տնակներում և ունեն բնակարանային և կենցաղային պայմանների բարելավման լուրջ խնդիրներ:
Արամ Ղազարյանը հանձնարարել է մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին՝ սերտ համագործակցելով Վանաձորի համայնքապետարանի հետ, սեղմ ժամկետում իրականացնել տնակային ավանի բնակիչների գույքագրում, ուսումնասիրել և վերլուծել նրանց սոցիալական կարգավիճակը և պայմանները: Մարզպետը պահանջել է հավաքագրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կազմել հիմնավորված առաջարկություն՝ խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար:
Քննարկվել են նաև աղետի գոտում փաստաթղթերի, սեփականության իրավունքի կամ այլ հանգամանքներով պայմանավորված՝ դեռևս չլուծված և խնդրահարույց հարցերը:
Մարզպետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել նման խնդիրներ ունեցող բոլոր քաղաքացիների հետ կապված դեպքերը՝ դրանց արագ և թիրախային լուծում տալու նպատակով: Արամ Ղազարյանը նշել է նաև, որ աղետի հետևանքների վերացման գործընթացը գտնվում է ՀՀ կառավարության վերահսկողության ներքո և հորդորել է պատասխանատու անձանց մանրակրկիտ դիտարկել ընտանքիների դեռևս չլուծված խնդիրները:
Խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը հանձնարարել է հետևողական լինել և հարկ եղած դեպքերում միջոցներ ձեռնարկել
• համայնքներում բնակելի շենքերի բակերում ինքնակամ կառույցների գույքագրման և օրենքին համապատասխան՝ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ,
• գույքի և հողի աճուրդ-վաճառքների գործընթացների նկատմամբ,
• վերլուծել և ներկայացնել տարբեր ժամանակահատվածներում համայնքային կառույցների օտարման գործընթացների իրավական հիմքերը,
• քաղաքացիների դիմումներին սահմանված ժամկետներում և բովանդակալից արձագանք ապահովելու հարցում,
• պատշաճ կերպով կազմակերպել համայնքային ծառայության մրցույթները՝ ապահովելով թափանցիկություն և հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար և այլն:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կրթության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում իրականացվող աշխատանքներին:
Տրվել են նաև այլ հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46