Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Քո կողքին»՝ վերականգնողական-ուսումնական կենտրոն Վահագնիում
06.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 5-ին Վահագնի բնակավայրում ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված «Քո կողքին» վերականգնողական-ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ, հոլանդացի, շվեյցարացի, ամերիկահայ գործընկերներ, բարերարներ, հյուրեր:
Ծրագիրն իրականացվել է «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և հոլանդացի, շվեյցարացի, ամերիկահայ մի խումբ գործընկերների, կազմակերպությունների, բարերարների աջակցությամբ:
Կենտրոնի շինարարությունն սկսվել է 2023 թվականին և ավարտվել վերջերս: Այն կառուցվել է ջերմամեկուսացման ժամանակակից տեխնոլոգիաներով և կծառայի Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող երեխաներին ու երիտասարդներին:
Կենտրոնի բացման առիթով ելույթով հանդես է եկել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով այս գաղափարի իրականացմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար՝ նա նշել է, որ կենտրոնի կառուցման նախաձեռնության համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ հատկապես գյուղական համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաները, պատանիներն ու երիտասարդները մեկուսացած են հասարակությունից և կարիք ունեն տարրական հմտություններ ձեռքբերելու, դառնալու հասարակության լիարժեք անդամներ:
Մ.Անտոնյանը նշել է նաև, որ այն առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը՝ եզակի թերապևտիկ ծառայություններ մատուցելով հանրապետության տարբեր բնակավայրերից ժամանող հաշմանդամություն ունեցող անձանց ևս:
Ներկայում ևս կենտրոնը պատրաստ է ընդունելու հատուկ կարիքներով բոլոր երեխաներին և երիտասարդներին:
Հատկանշական է նաև, որ հաստատությունը նաև զբաղվածություն կապահովի տարածաշրջանի մասնագետների համար, պարբերաբար կկազմակերպվեն վերապատրաստումներ:
Նորամուտի առթիվ ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել մարզպետ Արամ Ղազարյանը.
- Անկեղծ ասած` սրտի մեծ թրթիռով եմ սպասել այս նորամուտին, քանզի շինաշխատանքների առաջին իսկ օրերից պարբերաբար այցելել և հետևել եմ ընթացքին ու նաև առիթ եմ ունեցել թեկուզ մի կարճ ընթացք մասնակցելու շինարարությանը, այնպես որ՝ նաև հուզական պահ է ինձ համար, որովհետև ականատես եմ եղել այս կառույցի կերպարանափոխությանը՝ բառիս իսկական իմաստով:
Կառույցի գեղեցկությունն ու որակյալ շինարարությունը, ստեղծված պայմաններն իհարկե չափազանց կարևոր են, սակայն մեծ կարևորություն ունի նաև այն, թե ինչ բարձրագույն և վեհ նպատակի է ծառայելու այն:
Վերականգնողական-ուսումնական այս կենտրոնն ունի խորհրդանշական անվանում՝ «Քո կողքին»: Այն գալիս է ասելու, որ մեզնից յուրաքանչյուրը պատրաստակամ է կանգնելու հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների կողքին և ամենայն աջակցություն ցուցաբերելու, որ նրանք զգան իրենց հասարակության լիիրավ ու լիարժեք անդամներ, ստանան մասնագիտություն, հմտություններ, չլինեն անօգնական, կարողանան վաստակել իրենց կեցության համար անհրաժեշտ միջոցները և ապագայում չվարեն կախյալ կենսակերպ,-ասել է մարզի ղեկավարն՝ իր խորին երախտագիտությունը հայտնելով առաջին հերթին «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս Մարիամ Անտոնյանի, ինչպես նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին, այն բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր աջակցել են այս ծրագիրը կյանքի կոչելու հարցում: Մարզպետը վերահաստատել է իր պատրաստակամությունն աջակցելու կենտրոնի գործունեությանը:
Բացման առիթով ելույթ է ունեցել նաև տիկին դեսպանը: Կարևորելով նման վերականգնողական-կրթական հաստատությունների գործունեությունը՝ նա նշել է, որ Նիդերլանդների Թագավորությունը մշտապես պատրաստ է սատարելու այսպիսի կարևոր ծրագրերի իրականացմանը:
Թումանյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանի կողմից կատարվել է նաև օրհնության կարգ:
Ներկաները շրջել են կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, հնարավորություններին:
Այստեղ հատուկ կարիքներով երեխաներն ու երիտասարդները կանցնեն ոչ միայն վերականգնողական թերապիա, այլև ձեռք կբերեն մասնագիտություններ:
Նոր հիմնվելիք թերապևտիկ այգում կատարվել է նաև խորհրդանշական ծառատունկ՝ մարզի ղեկավարի, դեսպանի և մյուս ներկաների մասնակցությամբ: