Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համապետական շաբաթօրյակը՝ Լոռու մարզում
05.05.2025
Լոռու մարզի 11 խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերում մայիսի 3-ին համապետական շաբաթօրյակը մեկնարկել էր վաղ առավոտյան:
Համապետական շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել և գործընթացը համակարգել է Լոռու մարզպետի աշխատակազմը:
Մարզի տարածքում, ըստ նախնական ուսումնասիրությունների առկա է եղել 13 չարտոնված աղբանոց, ինչպես նաև աղտոտված վայրեր, որոնք օրվա ընթացքում մաքրվել են: Հատկապես լուրջ ուշադրություն է դարձվել զբոսաշրջային վայրերին, պատմամշակութային հուշարձանների, ճանապարհամերձ տարածքներին:
Աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 8300 քաղաքացի:
Առանձնացվել են տեղամասեր, որտեղ աշխատանքներ են իրականացրել Լոռու մարզպետի աշխատակազմը, համայնքապետարանները, կրթական ու առողջապահական բոլոր հիմնարկները, պետական և համայնքային նշանակության կառույցներն ու կազմակերպությունները, այլոք:
Լոռու մարզպետի աշխատակազմը համապետական շաբաթօրյակին մասնակցել է վաղ առավոտյան Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգում:
Իրականացվել են աղբակույտերի մաքրման, դեպի աղբավայրեր տեղափոխման, այգիների, պուրակների, փողոցների և թաղամասերի, կրթական, մշակութային, մարզական, առողջապահական, սոցիալական հիմնարկների տարածքների մաքրման, ճանապարհներին գոյություն ունեցող մանր հողակույտերի տեղափոխման, պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ շշերի հավաքման, պատմամշակութային և զբոսաշրջային վայրերի մաքրման աշխատանքներ:
Աշխատանքներում ներգրավվել են տրակտորներ, ամբարձիչներ, բեռնատար- ինքնաթափեր, բեռնատար-կռունկներ, ջրցաններ, էքսկավատոր-բարձիչներ էլեկտրական սղոցներ, աղբահան մեքենաներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, ինքնաթափեր, գրեյդերներ, ինքնաբարձիչներ և այլն (ընդամենը՝ 300 տեխնիկական միջոց), ինչպես նաև գործիքներ՝ բահեր, փոցխեր, ցախավելներ, պարկեր, դույլեր, ձեռնոցներ, մկրատներ, հնձիչներ (ընդամենը՝ շուրջ 6200 գործիք):
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և մարզպետարանի պատասխանատու մի խումբ պաշտոնյաներ օրվա ընթացքում եղել են նաև Վանաձորի տարբեր հատվածներում և մարզի մի շարք համայնքներում, հետևել աշխատանքների ընթացքին:



