Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ

05.05.2025

Մայիսի 2֊ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:
Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ:
Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, որտեղ ներկայացվել է դպրոցի նորակառույց մարզադահլիճը: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 224 մլն դրամ։
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վանաձորի թիվ 8 տնակային մանկապարտեզում, որտեղ ներկայացվել են մանկապարտեզի շենքի կառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրն ունի նոր կառուցված 180 տեղ հզորությամբ մանկապարտեզ:
Երկրի ղեկավարին է ներկայացվել նաև (Մ-3) միջպետական ճանապարհի Վանաձոր - Սպիտակ հիմնանորոգված հատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 3 մլրդ դրամ, որն ուղղվել է պետբյուջեից։ Իրականացված աշխատանքների արդյունքում հիմնանորոգվել է 11,84 կմ ճանապարհ:
Սպիտակ համայնքում վարչապետը շրջել է նոր կառուցված «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 851 մլն դրամ։
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Գարգառ բնակավայրում, որտեղ ներկայացվել է կրթահամալիրի կառուցման ընթացքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 947 մլն դրամ: Արդյունքում Գարգառը կունենա նոր կրթահամալիր բաղկացած՝ 200 երեխայի համար նախատեսված միջնակարգ դպրոցից և 80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզից։ Ծրագիրը մեկնարկել է 2024թ․, ավարտը նախատեսված է 2026թ.:
Հաջորդիվ վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 հիմնական դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 543 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում։
Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին դպրոցի բացման առիթով և ընդգծել. «Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, օրինական հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, ում գեներացրած միջոցների շնորհիվ Կառավարությունն ի վիճակի է եղել կառուցել այս դպրոցը»: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ դպրոցն իր ֆիզիկական միջավայրով և բովանդակությամբ կօգնի, որ աշակերտներն իրենց հետագա կյանքի ընթացքում ինքնավստահության ավելի մեծ պաշար ունենան։
Վարչապետը խոսել է բոլոր դպրոցներում հստակ ձևակերպված ուղերձի առկայության կարևորության մասին և նշել. «Ի վերջո դպրոցի ամենակարևոր նպատակն այն է, որ աշակերտները կրթության միջոցով իրենց հետագա կյանքում լինեն ավելի հաջողակ, իսկ հաջողակ ասելով՝ նկատի ունենք, որ լավ ապրեն, և սա ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք մեր աշակերտներին փոխանցել»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կարգախոսը պետք է ազդարարի բոլոր աշակերտներին՝ լավ սովորիր, որ լավ ապրես, քանի որ լավ ապրելն ու բարեկեցությունը հենված է միայն գիտելիքի վրա։
Վարչապետը խոսել է նաև աշակերտի համար ուսուցչի աշխատանքի կարևորության մասին, ընդգծել, որ Կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի լավ ուսուցիչ լինելու միջոցով հնարավոր լինի լավ ապրել և ընտանիքի բարեկեցությունը հնարավոր լինի ապահովել ուսուցչի աշխատանքով։ «Մենք պետք է վստահ լինենք, որ դպրոցում աշխատող ուսուցիչը, որը պայմանավորում է մեր երեխաների լավ սովորելու, ինչպես նաև հետագայում լավ ապրելու հնարավորությունը, մենք պետք է համոզված լինենք, որ մեր հարգելի ուսուցիչները ունեն պատշաճ հմտություններ: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ մի անգամ այդ հմտությունն ունենալը բավարար չէ, որովհետև ժամանակակից աշխարհում գիտելիքը փոխվում է, գիտելիքը զարգանում է, հմտությունները զարգանում են և շատ կարևոր է, որ մենք այս հարցում լինենք սկզբունքային մեր երեխաների համար: Եվ շատ կարևոր է, որ մեր երեխաները տրամադրված լինեն այս միջավայրն օգտագործելու, իրենք իրենց ապագան այսօր կառուցելու, նպատակներին ծառայեցնելու համար»։
Եվս մեկ անգամ շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ, որ մեր դպրոցները դառնան մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, մեր հանրության լավ ապրելու, բարեկեցության հարթակ: Եվ ինչքան խոսում և մտածում ենք սրա մասին, ավելի ենք համոզվում, որ դա իսկապես ճշմարտություն է, որ վաղվա բարեկեցությունն այսօր այստեղ այս դասասենյակներից ներս է ձևավորվում»:
Ելույթով հանդես է եկել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը.
«Ստեփանավան համայնքի ու հատկապես Աշոտաբերդ թաղամասի համար այս դպրոցի կառուցումը հիրավի նշանակալի իրադարձություն է, քանզի ավելի քան 400 աշակերտ հարվարավետ ու բարեկարգ պայմաններում է շարունակելու իր կրթությունը։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոցներ ծրագրի շրջանակներում, ինչի համար համայնքի բնակչության, դպրոցի ուսուցիչների և աշակերտների, նրանց ծնողների ու իմ կողմից խորին երախտագիտություն եմ հայտնում Ձեզ՝ մեծարգո պարոն Վարչապետ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Դպրոցի շինարարությունը մեկնարկել էր 2019 թվականի մայիսին և այս ընթացքում դպրոցի ողջ կոլեկտիվն ու աշակերտները սրտի թրթիռով են սպասել նորամուտին և այսօր սպասումն իրականություն է արդեն:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կրթական գործընթացի կազմակերպումը հարմարավետ ու բարեկարգ պայմաններում բազմակի անգամ ավելացնում է գրավչությունը գիտելիքի նկատմամբ՝ հաճելի դարձնելով ուսումնառության ընթացքը: Եվ այո՛ մեր երեխաներն արժանի են սովորելու նման պայմաններում:
Մեծարգո պարոն Վարչապետ, Ձեր նախաձեռնությամբ մեկնարկած այս ծրագրի իրականացումը կարևոր քայլ է մեր երկրի կրթական համակարգի զարգացման ճանապարհին, և մեծ հույսեր ու սպասումներ են կապվում այս նախաձեռնության հետ։ Յուրաքանչյուր դպրոցի կառուցում երախտիքի ու հավատարմության արտահայտությունն է գիտելիքի ու նորարարության հանդեպ:
Կրթական այս դարբնոցներում կռում ու կոփվում են ապագա առաջնորդներ, ամենատարբեր մասնագիտություններ կրող անհատներ, ի վերջո բարձր իրավագիտակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ու շատ կարևոր է, որ նրանց ուսումնառության գործընթացի պատշաճ կազմակերպման համար պետության ջանքերով ստեղծված պայմանները մղեն սեփական ծննդավայրի ու երկրի հանդեպ ունենալ նույնքան հոգացավ ու պատասխանատու վերաբերմունք, որքան պետությունն է ունենում իր քաղաքացիների հանդեպ:
Կրկին շնորհավորելով բոլորիս այս կարևոր իրադարձության առթիվ՝ ուզում եմ վստահություն հայտնել, որ աշակերտների առաջադիմությունն ու սովորելու մոտիվացիան շատ կարճ ժամանակահատվածում էլ ավելի կբարձրանան՝ մեզ տալով հպարտանալու բազմաթիվ առիթներ»,֊ասել է մարզի ղեկավարը։
Ստեփանավան համայնքում երկրի ղեկավարին ներկայացվել է Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքների ընթացքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում համայնքը կունենա նոր կառուցված բնակելի թաղամաս՝ 15 շենքով: Նշվել է, որ ծրագիրը մեկնարկել է 2024թ., ավարտը նախատեսված է 2028թ.:
Նույն համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 1 դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 231 մլն դրամ: Վերանորոգվող դպրոցը նախատեսված է 522 աշակերտի համար։ Դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա ամիսներին:
Այնուհետև վարչապետն այցել է Հագվու նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ384+50-կմ481+40 /կմ467+50-կմ473+61/ տեղամասի (Օձունի խաչմերուկի /Մ6 և Հ35/ աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 977 մլն դրամ։ Արդյունքում վերականգնվել և բարելավվել է 0,611 կմ ճանապարհ (Օձունի խաչմերուկ):
Այնուհետև՝ երկրի ղեկավարն այցելել է Ալավերդիի «Սանահին կայարան» թաղամաս, որտեղ ներկայացվել է տեղադրված ժամանակավոր մետաղական կամուրջը: Նշվել է, որ կամրջի տեղադրման արժեքը կազմել է 48 մլն դրամ։ Ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդված է եղել՝ նախորդ տարվա հեղեղումների հետևանքով: Մետաղական կամուրջը տեղադրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նվիրատվությամբ։ Ներկայում այն երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար։
Վարչապետին են ներկայացվել նաև Հ-22, /Մ-6/ - Դսեղ - /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 105 մլն դրամ։ Արդյունքում հիմնանորոգվել է 117.7 մ երկարությամբ կամուրջ:
Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Հ-22, /Մ-6/ - Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,54 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։
Վարչապետի վերջին կանգառը եղել է Փամբակ բնակավայրում, որտեղ ծանոթացել է մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «Մաունթրի Mounthree» հյուրանոցը: Վարչապետը շրջել է հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին։ Նշվել է, որ հյուրանոցը կառուցվել է 2021-2024թթ., իրականացվել է շուրջ 8 մլն դոլարի ներդրում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-07 15:50:40