Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակ համայնքում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն

25.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ ապրիլի 25-ին քաղաքացիների ընդունելություն է անցկացվել Սպիտակի համայնքապետարանում, որը վարել է տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Միասնական սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոնի պատասխանատու պաշտոնյաներ:
Համայնքի տարբեր բնակավայրերից ժամանած քաղաքացիները մարզպետի տեղակալին են դիմել մի շարք խնդիրներով: Բնակիչների կողմից բարձրացված հարցերն առնչվել են հիմնականում սոցիալական աջակցությանը, բնակարանային պայմանների բարելավմանը, համայնքային զարգացման, հողօգտագործման խնդիրներին և այլ հարցերի:
Հովհաննես Ավետիսյանը լսել է քաղաքացիներին, պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկել բարձրացված հարցերը:
Ըստ անհրաժեշտության բնակիչներին առաջարկվել է դիմումներ ներկայացնել՝ դրանց սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: Մարզպետի տեղակալը հավաստիացրել է, որ բոլոր դիմումները կուսումնասիրվեն Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից, և արդյունքները քաղաքացիներին կներկայացվեն սահմանված ժամկետներում:
Մի շարք հարցերի վերաբերյալ քաղաքացիներին ուղղորդվել է դիմել պատասխանատու ոլորտային կառույցներին՝ դրանց արագ և արդյունավետ կարգավորման նպատակով:
Հանդիպման էին եկել նաև մի խումբ քաղաքացիներ Արջահովիտ բնակավայրից՝ հետաքրքրվելու իրենց գյուղում նախատեսվող համայնքային զարգացման ծրագրերից: Քաղաքացիներին հետաքրքրում էին հատկապես ճանապարհների բարեկարգման, խմելու և ոռոգման ջրագծերի նորացման, դպրոցի կառուցման հարցերը։
Մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են Արջահովիտում իրականացվող և իրականացվելիք աշխատանքները, նշելով, որ բնակիչների կողմից բարձրացված հարցերը գտնվում են Կառավարության, մարզային և համայնքային իշխանությունների ուշադրության կենտրոնում և դրանց լուծումը ներառված է համայնքի զարգացման առաջիկա ծրագրերում։
Մասնավորապես նշվել է, որ առաջիկայում շահագործման կհանձնվի Արջահովիտ բնակավայրի ոռոգման ցանցը, կվերանորոգվի 5 կմ խմելու ջրագիծ, որին կհաջորդի ներհամայնքային ճանապարհի մի հատվածի նորոգումը, ինչպես նաև կտեղադրվի հակակարկտային կայան: Տեղեկացվել է նաև, որ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված է նաև Արջահովիտի դպրոցը:
Հովհաննես Ավետիսյանը կարևորել բնակիչների ակտիվ մասնակցությունը տեղական խնդիրների լուծման գործընթացում՝ ընդգծելով, որ մարզպետի աշխատակազմը շարունակելու է հետևողականորեն ուսումնասիրել և հնարավորինս արագ արձագանքել բարձրացված խնդիրներին։
Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից քաղաքացիների հետ հանդիպումները տարբեր համայնքներում կրում են շարունակական բնույթ :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46