Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախադեպը չունեցող ցուցադրություն՝ Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում

23.04.2025

Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում ապրիլի 22-ին բացվել է բժիշկ, «Լոռի մեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ադամյանի ընտանիքին պատկանող, ավելի քան 40 տարիների ընթացքում ձեռքբերված հայ և արտասահմանյան գեղանկարիչների վրձնած արժեքավոր գեղանկարների, բրոնզեդարյա հավաքածուի դիտարժան նմուշների, արձանների, հայ մարդուն ներկայացնող 19-րդ դարի կենցաղային իրերի ցուցադրությունը:
Մարզկենտրոնում նախադեպը չունեցող այս միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, գեղանկարիչներ, արվեստագետներ, մտավորականներ, վանաձորցիներ, հյուրեր:
Ցուցադրության բացման առիթով իր օրհնությունն է հղել Գուգարաց թեմի առաջնորդը:
Մարզի ղեկավարն իր իր ողջույնի խոսքում մասնավորապես ընդգծել է Կարեն Ադամյանի անձնական հավաքածուի արժեքավոր նմուշները հանրությանը ներկայացնելու կարևորությունը.
- Ինձ համար չափազանց ուրախալի է, որ բացի լավ բժիշկ, առողջապահության ոլորտի հմուտ կազմակերպիչ լինելուց, պարոն Ադամյանը գեղանկարչության սիրահար ու գիտակ է, ու նաև մեծ աշխատանք է իրականացնում հայ մշակույթի հանրահռչակման գործում: Շատ կարևոր է, որ այսչափ նվիրվածությունը սեփական գործին, նվիրվածությունը ծննդավայրին ու առհասարակ՝ պետությանը նաև վարակիչ լինի սերունդների համար, թե ինչպես կարելի է գործունեություն ծավալել տարբեր ուղղություններով ու դա անել ամենաբարձր մակարդակով: Լիահույս եմ, որ շատերը, այդ թվում՝ երիտասարդները և պատանիները, նույնպես մեծ ցանկություն կունենան վայելելու այս ցուցադրությունը,-ասել է մարզպետ Արամ Ղազարյանը:
Ելույթներով հանդես են եկել նաև գեղանկարիչ Փափագ Ալոյանը, ՀՀ ժուռնալիստների միության անդամ Վալերի Ջաղինյանը:
Մարզի ղեկավարին, Գուգարաց թեմի առաջնորդին, հյուրերին միջոցառմանը ներկա գտնվելու համար իր երախտագիտությունն է հայտնել Կարեն Ադամյանը: Նա նշել է, որ թանգարանում ներկայացված է Ադամյանների անձնական հավաքածուի միայն մի մասը, և առաջիկայում սիրով պատրաստ է հանրությանն ի ցույց դնելու հավաքածուի երբևէ չցուցադրված նմուշները ևս:
Բժիշկը հայտնել է նաև, որ ցուցադրությունը նվիրում է երկրային կյանքին հրաժեշտ տված վանաձորցի սիրված գեղանկարիչների հիշատակին:
Ներկաները հնարավորություն են ունեցել վայելելու թանգարանի ցուցասրահում ներկայացված 100-ից ավելի արժեքավոր գործերը, ցուցանմուշները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46