Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավանի տարածաշրջանում կստեղծվի հատապտղային խորը սառեցման սառնարանային տնտեսություն

22.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ապրիլի 22-ին ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսին և ծրագրի համակարգող Վադիմ Ուզունյանին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:
Լոռու մարզպետը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել մինչ օրս իրականացված ծրագրերի համար: Արամ Ղազարյանն ընդգծել է, որ գյուղատնտեսությունը Լոռու մարզի տնտեսական զարգացման առաջնային ուղղություններից է և կարևորել է այս ուղղությամբ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ:
Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարին են ներկայացվել Լոռու մարզպետարանի և Ավստրիական զարգացման գործակալության միջև 2019 թվականից մեկնարկած համագործակցության և 2021 թվականին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի արդյունքները:
Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ ծրագրերը.
• Մշակվել է Լոռու մարզի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը,
• Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում բացվել է նորագույն սարքավորումներով հագեցած հողի անալիզի լաբորատորիա,
• մարզի համար ձեռք է բերվել պարարտանյութեր և թունաքիմիկատներ ցրող ագրոդրոն,
• Աքորի բնակավայրում հիմնվել է ժամանակակից սառնարանային տնտեսություն,
• Գյուլագարակ բնակավայրում հիմնվել է հակակարկտային ցանցով հատապտղային այգի,
• տեղական ֆերմերների համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կանաչ գյուղատնտեսության տեխնոլոգիաների վերաբերյալ և այլն:
Արամ Ղազարյանը բարձր է գնահատել համագործակցությունը և ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված արդյունքները: Մարզի ղեկավարը հավաստիացրել է, որ պատրաստ է շարունակել և ընդլայնել համագործակցությունը հանուն Լոռու մարզում գյուղատնտեսության արդիականացման և տեղական գյուղացիական տնտեսությունների կայուն զարգացման:
Պասխալիս Բոկկերսը իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, ներկայացրել ծրագրի հետագա անելիքները, ըստ որի նախատեսվում է Ստեփանավանի տարածաշրջանում հիմնել հատապտղային խորը սառեցման սառնարանային տնտեսություն, նպաստել մարզում կանաչ գյուղատնտեսության հետագա զարգացմանը և ավելացնել ծրագրի շահառուների թիվը:
Արուս Թումանյանն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին Լոռու մարզում նկատվում է մեծ հետաքրքրություն հատապտղային մշակաբույսերի նկատմամբ, և խորը սառեցման սառնարանային տնտեսության ստեղծումը Ստեփանավանի տարածաշրջանում կդառնա կարևոր խթան տեղական արտադրողների համար: Նա ընդգծել է, որ նման ենթակառուցվածքի առկայությունը կբարձրացնի արտադրանքի պահպանման որակը, կբարձրանա հատապտուղների ինքնարժեքը, կնվազեցնի բերքի կորուստները և կընդլայնի արտահանման հնարավորությունները՝ հատկապես հաշվի առնելով օրգանական հատապտղային արտադրանքի աճող պահանջարկը:
Կողմերը վերակնքել են հուշագիրը, որով ամրագրել են համագործակցության նոր ուղղություններն ու գործողությունների ծրագիրը:
Նրանք պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը և ամրապնդել արդեն իսկ ձեռք բերված արդյունքներն՝ ի նպաստ Լոռու մարզի կանաչ գյուղատնտեսության զարգացման:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46