Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հետևել է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի նորոգման աշխատանքների ընթացքին
15.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ապրիլի 14-ին հետևել է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի նորոգման աշխատանքների ընթացքին:
Աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով:
Իրականացվում են հատակի նորոգման, մասնակի ներքին հարդարման, տանիքի ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգի անցկացման, սանհանգույցների հիմնանորոգման, ներքին և արտաքին ջրամատակարարման, գազամատակարարման, էլեկտրասարքավորումների մոնտաժման և այլ աշխատանքներ:
Մշակույթի պալատի տնօրեն Արմեն Ներսիսյանի կողմից կարևորվել է հատկապես այն, որ առկա միջոցների շրջանակներում հնարավոր է եղել մշակույթի տունն ապահովել ջեռուցմամբ՝ ձմռան ամիսներին նույնպես միջոցառումներ անցկացնելու համար, հիմնանորոգվել են սանհանգույցները, կատարվել են նաև այլ անհետաձգելի աշխատանքներ:
Մարզի ղեկավարը աշխատանքների որակի հետ կապված մի շարք դիտարկումներ է արել և նշել, որ կատարված աշխատանքները պետք է տեսանելի լինեն հանրության համար: Ընդգծելով Վանաձոր համայնքի համար Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մեծ դերակատարությունը՝ Արամ Ղազարյանը կարևորել է գործընթացին ամենայն պատասխանատվությամբ վերաբերելու անհրաժեշտությունը:
Նա շինկազմակերպությանը հորդորել է շտկել թերություններն ամենասեղմ ժամկետներում, իսկ պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է իրականացնել աշխատանքների ամենօրյա վերահսկողություն: