Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ. «Այսօր ի պաշտոնե մեզ բախտ է վիճակվել ծառայելու մեր ժողովրդին, սա մեծ առաքելություն է, որը մեզնից յուրաքանչյուրը պետք է իրականացնի բարձր պատասխանատվությամբ» Անցկացվեց Լոռու մար

14.04.2025

Ապրիլի 11-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ հրավիրվել էր մարզխորհրդի նիստ, որն անց է կացվել սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգված Ալավերդու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում:
Նիստին ներկա էին մարզխորհրդի անդամները, իրավապահ մարմինների,ուժային կառույցների, հանրապետական գործադիր մարմինների, մարզային ծառայությունների, առողջապահական հիմնարկների ղեկավարները, ներկայացուցիչները, համայնքների վարչական ղեկավարները, այլ հրավիրյալներ:
Նիստը մեկնարկել է ՀՀ օրհներգով:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Ա. Ղազարյանը ներկայացրել է նիստի օրակարգային հարցերը:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հանդես է եկել Լոռու մարզպետի 2024թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ:
Մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներն, ըստ ոլորտների, հանդես են եկել 2025թ. առաջին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով։
-Տարին լի էր ինչպես` մարտահրավերներով, այնպես էլ` հաջողություններով։ Հենվելով կառավարության ռազմավարական ծրագրերի վրա` մենք շարունակեցինք աշխատել՝ նպատակ ունենալով բարելավել մեր մարզի բնակչության կենսապայմանները, զարգացնել ենթակառուցվածքները, խթանել համայնքների սոցիալ-տնտեսական աճը և ապահովել արդյունավետ հանրային կառավարում։ Այս հաշվետվության ընթացքում ես կփորձեմ հնարավորինս ամբողջական ներկայացնել այն հիմնական ուղղությունները, որոնց վրա կենտրոնացել ենք, և ցույց տալ արձանագրված ձեռքբերումները, առկա խնդիրները և ապագայի մեր առաջնահերթությունները,-բացման խոսքում ասել է Ա. Ղազարյանը։
Անդրադառնալով կրթության ոլորտին՝ մարզպետը նշել է, որ մարզային թվով 69 հանրակրթական ուսումնական հաստատություններում հիմնվել են նոր լաբորատորիաներ, որոնք հագեցած են ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով և գույքով: ՄԱԿ-ի ՊՀԾ շրջանակներում ՀՀ Լոռու մարզի 5 հանրակրթական դպրոցներում տեղադրվել են արևային կայաններ: Իսկ Լիտվայի դեսպանության ֆինանսավորմամբ ևս 5 դպրոցներում և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում տեղադրվել են արևային կայաններ։ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված է մարզի 44 դպրոց, որից կառուցվել են արդեն 3-ը (Հագվի, Մեդովկա, Ստեփանավանի թիվ 3), ընթացքի մեջ են 26-ը։ Մարզի դպրոցներում գործում է 114 «Արմաթ» լաբորատորիա և 141 սմարթ դասարան։
2024թ․ կամավոր ատեստավորմանը մասնակցել են մարզի 548 ուսուցիչներ, որոնցից 424-ը հաղթահարել են 60-100%-ի շեմը՝ ապահովելով դրույքաչափի և աշխատավարձի բարձրացում։ 2023թ․ կամավոր ատեստավորմանը մասնակցել են մարզի 343 ուսուցիչներ, որոնցից 224-ը հաղթահարել են 60-100%-ի շեմը։ 2022թ․՝ 314, հաղթահարել՝ 64-ը։ 2024թ․ մարզն ունեցել է 1548 շրջանավարտ, 1092 դիմորդ, որից ընդունվել են 795-ը։
2024թ. առաջին կիսամյակի ընթացքում ամփոփվել են 2023-2024 ուստարվա դպրոցական առարակայական օլիմպիադաների արդյունքները: Մարզը ունեցել է 71 մրցանակակիր՝ զիջելով միայն մայրաքաղաքին։ 2024թ ապրիլի 20-27-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում կայացած քիմիայի 58-րդ միջազգային Մենդելեևյան օլիմպիադայի արդյունքներով մեր մարզն ունեցել է 1 արծաթե և 1 բրոնզե մեդալակիր աշակերտներ։
2024թ հուլիսի 21-30-ը Սաուդյան Արաբիայի Ռիյադ քաղաքում կայացած քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքներով մարզն ունեցել է 2 բրոնզե մեդալակիր։
Դպրոցի խնայված միջոցների հաշվին մասնակի նորոգումներ է իրականացվել թվով 71 դպրոցում: Մարզային ենթակայության 148 դպրոցներում աշխատում է 57 ԼՂՀ տեղահանված ուսուցիչ, սովորում 997 աշակերտ։
«300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրում ներառված է 33 մանկապարտեզ և նախակրթարան, 2024թ. կառուցվել է 10 մանկապարտեզ և նախակրթարան, ընթացքի մեջ է 16 մանկապարտեզի և նախակրթարանի շինարարությունը։
Նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են 25 մշակութային միջոցառումներ, 50-ից ավել մարզային մշակութային ծրագրեր, մարզն աչքի է ընկել մարզական հաջողություններով։
Գյուղատնտեսության բնագավառին անդրադառնալով՝ Ա Ղազարյանը նշել է, որ գուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2024թ-ին կազմել են 21 հազ 536 հա: Կաթիլային ոռոգվող հողատարածքները կազմել են 173 հա, նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 13 հա-ով, ինտենսիվ այգիները կազմել են 165 հա, նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են շուրջ 15 հա-ով: Բազմամյա տնկարկները՝ 2347 հա, նվազել են 9 հա-ով: Մարզում առկա է 14 խելացի անասնաշենք, որից 4-ը կառուցման տարբեր փուլերում են, 12 սպանդանոցներ, որից 11-ը գործող են, 87 հակակարկտային կայաններ, 12 սառնարանային տնտեսություններ՝ 615 տոննա հզորությամբ:
Մարզում գյուղատնտեսության բնագավառի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 4 մլրդ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ պետական բյուջեից՝ 3,412 մլրդ դրամ և մասնավոր, միջազգային և դոնոր կազմակերպություններից՝ 555 մլն դրամ:
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ներդրումների ծավալը կազմել է շուրջ 800 մլն դրամ, որից Հայանտառի և մասնավորի ներդրումը՝ 225 մլն դրամ, միջազգային և դոնոր կազմակերպություններից՝ 575 մլն դրամ:
ՀՀ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերից «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շնորհիվ Լոռու մարզում 1535 հա-ով ավելացել է գարնանացանը, որի համար ներդրումը կազմել է 233 մլն դրամ, «Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել 60 միավոր տեխնիկա, որի համար ներդրումը կազմել է 186.1 մլն դրամ:
Առավել հատկանշական ներդրումներից է համարվում ՄԱԶԾ ծրագրերի շրջանակում երկու պոմպակայաններում նոր պոմպերի, շարժիչների և արևային պանելների տեղադրումը (Այրում և Ճոճկան բնակավայրերում), որի համար ներդրումը կազմել է 280 մլն դրամ:
Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում 2025թ նախատեսվող ծրագրերին:
Առողջապահության ոլորտի հետ կապված մարզպետը հայտնել է, որ 2024թ ոլորտում ներդրումների ծավալը կազմել է 2.9 մլրդ դրամ: 2024թ. ընթացքում մատուցված վճարովի ծառայությունների գումարը կազմել է 1.7 մլրդ դրամ: Մարզային ենթակայության առողջապահական ընկերություններում տարեցտարի ավելացել են վճարովի ծառայությունների մուտքերը: 2018թ. վճարովի ծառայության մուտքերը կազմել է մոտ 773 մլն դրամ, իսկ 2024թ.՝ 1.7 մլրդ դրամ: Աճը՝ շուրջ 2.5 անգամ: Իսկ 2023թ. համեմատությամբ վճարովի ծառայության մուտքերի աճը կկազմել է շուրջ 9.4 տոկոս:
Մարզի բուժանձնակազմը համալրել են ԼՂՀ բռնի տեղահանված 18 անձինք։
ՀՀ առողջապահության նախարարության կողմից Լոռու մարզին տրամադրվել է կենտրոնացված գնումներով ավելի քան 185 մլն, իսկ մարդասիրական օգնության կարգով՝ ավելի քան 93.8 մլն դրամի դեղորայք: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հատկացվել է 1 մլն 19 հազար 235 դրամ արժեքով դեղորայք:
Համագործակցության հուշագիր է կնքվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Պրոտոն Դիագնոստիքս» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի միջև, որի համաձայն Վանաձորի բժշկական կենտրոնում 2025թ.-ից կտեղադրվի 3 տեսլա հզորությամբ մագնիսառեզոնանսային շերտագրման ժամանակակից նորագույն սարքավորում և նորագույն ռադիոլոգիական տեղեկատվական համակարգ:
Մարզի առողջապահական ընկերությունները սեփական միջոցներով կատարել են վերանորոգման աշխատանքներ, ձեռք բերել գույք և սարքավորումներ՝ շուրջ 145 մլն դրամի չափով:
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ևս կատարվել է շուրջ 22.8 մլն դրամի ներդրում: Աջակցություններ են ցուցաբերվել նաև միջազգային կառույցների կողմից,որոնցից առավել հիշատակելի է «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր շենքը կառուցումը «Հայաստանի Մանուկներ Բարեգործական հիմնադրամի» կողմից («COAF»), վերջինիս կողմից տրամադրվել են նաև 62 մլն դրամի չափով բժշկական սարքավորումներ և գույք:
2025թ.-ին ավարտին կհասցվեն մի քանի խոշորածավալ աշխատանքներ, այդ թվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնի վարակաբանական ծառայության նոր մասնաշենքի կառուցումը, Տաշիրի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը:
Վանաձորի բժշկական կենտրոնում օրերս գործարկվել է 114 մլն դրամ արժողությամբ վերջին սերնդի 3 տեսլա հզորությամբ թվային մամոգրաֆը: Վերջին ամիսներին Վանաձորի բժշկական կենտրոնում գործարկվել էր նաև շուրջ 18.3 մլն դրամ արժեքով հզոր ուլտրաձայնային սոնոգրաֆիայի բազմաֆունկցիոնալ սարքավորում:
Մարզի ղեկավարի ներկայացմամբ՝ Լոռու մարզում 2024 թ. քաղաքաշինության ոլորտում իրականացված, ինչպես նաև դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընդհանուր ծրագրային արժեքը շուրջ 54 մլրդ դրամ է:
2024 թվականին այլ գերատեսչությունների կողմից քաղաքաշինության ոլորտում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
ՀՀ առողջապահության նախարարության պատվիրատվությամբ իրականացվել են մոտ 456,4 մլն դրամի աշխատանքներ Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն ծառայության նոր մասնաշենքի կառուցման համար:
ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության պատվիրատվությամբ իրականացվել են մոտ 574,2 մլն դրամի աշխատանքներ: Առավել խոշոր ծրագրերից են Վանաձորի 13 ավագ դպրոցի վերակառուցումը և Վանաձորի N 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի հիմնանորոգումը:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվել են մոտ 4,8 մլրդ դրամի աշխատանքներ, այդ թվում՝ 17 դպրոցների և կրթահամալիրների կառուցում:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվել են մոտ 2,54 մլրդ դրամի աշխատանքներ։
Անհետաձգելի (հրատապ) ծրագրերով Լոռու մարզում իրականացվել են մոտ 190,8 մլն դրամի աշխատանքներ:
2024թ․ Լոռու մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 12.4 մլրդ դրամ (շուրջ 10.2 մլրդ դրամ՝ պետական բյուջեի միջոցներով, շուրջ 2.2 մլրդ դրամ՝ սուբվենցիոն ծրագրերով), որով հիմնանորոգվել կամ վերանորոգել է ընդհանուր 81.2 կմ ճանապարհ:
Պետբյուջեի միջոցներով վերանորոգվել են Մ-3, Մ-6 և Մ-8 Միջպետական նշանակության 18.43 կմ ճանապարհ և Հ-22, Հ-70 Հանրապետական նշանակության 28.4 կմ ճանապարհ: Պետբյուջեով վերանորոգված կամ հիմնանորոգված մարզային և ներհամայնքային ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 12.8 կմ:
Սուբվենցիոն ծրագրերի հետ կապված Ա. Ղազարյանը նշել է, որ Լոռու մարզում 2018-2024 թվականների ընթացքում պետական բյուջեից փաստացի ֆինանսավորվել է տվյալ տարիներին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված 414 սուբվենցիոն ծրագիր` ընդհանուր մոտ 23.5 միլիարդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կազմել է շուրջ 12.5 միլիարդ դրամ:
Լոռու մարզում 2024 թվականի ընթացքում պետական բյուջեից փաստացի ֆինանսավորվել է 60 սուբվենցիոն ծրագիր` շուրջ 6.8 միլիարդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կազմել է շուրջ 3.73 միլիարդ դրամ:
ՀՀ պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի համայնքներից ներկայացվել է 49 ծրագրի նախնական հայտ՝ 181 ենթածրագրով՝ ընդհանուր շուրջ 13.2 միլիարդ դրամ նախահաշվային արժեքով, որից մոտ 7.3 միլիարդ դրամը պետական բյուջեից ֆինանսավորում է:
Աղետի գոտու հետ կապված մարզպետը նշել է, որ 2024 թ. մայիսի 25-26-ը Լոռու մարզում տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումներից տուժել էր 24 բնակավայր՝ Ալավերդի, Թումանյան, Փամբակ, Գյուլագարակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներից: Տուժած բնակիչների ընդհանուր թիվը կազմել էր շուրջ 1140 անձ, տարհանվել 598 մարդ։
Ահռելի վնաս էր հասցվել ենթակառուցվածքներին: Վնասվել էր երկաթգիծը՝ մարզի տարածքի 8 տեղամասերում, ճանապարհները՝ 45 հատվածներում, որոնցից 5-ում ամբողջությամբ փլուզում էր գրանցվել:
Մարզում վնասվել էր հետիոտնային և ավտոմոբիլային 29 կամուրջ և կամրջակ, որոնցից 6-ն ամբողջությամբ փլուզվել էին: Փլուզված կամուրջներից 16-ը վերականգնված են, 11 կամուրջների համար կնքվել է աշխատանքների իրականացման պայմանագիր: Երկու կամուրջների վերաբերյալ աշխատանքներ դեռևս չեն իրականացվել։
Մասնակի կամ ամբողջովին վնասվել էին 251 անհատական տներ և բնակարաններ, տուժել՝ 124 տնտեսվարողներ: Վնասվել էին նաև տրանսպորտային 168 միջոցներ: Զգալի վնաս էր հասցվել նաև գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրին:
Աղետի առաջին իսկ օրերին Կառավարությունը Լոռու մարզին հատկացրել էր 200 մլն դրամ՝ առաջին անհրաժեշտություն մեծ ծավալի աշխատանքներ կատարելու, անհրաժեշտ իրեր, պարագաներ և սնունդ ձեռք բերելու համար:
Փոխհատուցման որոշումները պետության կողմից չեն ուշացել: Բնակելի տների 196 շահառուներ(որոնցից 166-ը դիմել է նաև գույքին հասցված վնասի փոխհատուցման համար) ստացել են ՀՀ կառավարության կողմից ֆինանսական փոխհատուցման առաջին փուլը։
Կատարված վերանորոգման աշխատանքների, մոնիթորինգի արդյունքում մինչ օրս 187 շահառու ստացել է փոխհատուցման 2-րդ, 171-ը՝ 3-րդ և 137 շահառու ստացել են 4-րդ տրանշը, ընդհանուր փոխհատուցված գումարը կազմել է 665 մլն 255 հազ դրամ: Բնակարանների փոխհատուցման մյուս շահառուների մասով գործընթացը շարունակվում է: Տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցում ստացել է 163 քաղաքացի: Փոխհատուցման գումարը կազմել է 101 մլն 392 հազ 950 դրամ:
Էկոնոմիկայի նախարարության հետ նախորդ տարվա դեկտեմբերին փոխհատուցման պայմանագրեր են կնքել նաև շահառու տնտեսվարողները: Լոռու մարզում ծրագրի շահառու հանդիսացող տնտեսվարողների թվաքանակը կազմել է 95, իսկ տրամադրված աջակցության ընդհանուր գումարը՝ 136 մլն 200 հազ դրամ:
Բնակարանների համար ընդհանուր առմամբ ենթակա է փոխհատուցման 763 մլն 452 հազ դրամ, այդ թվում՝ 596 մլն 652 հազ դրամ բնակարանին հասցված վնասի փոխհատուցում և 166 մլն 800 հազ դրամ՝ գույքին հասցված վնասի փոխհատուցում:
Ալավերդի համայնքի Թումանյան փողոցի հենապատի կառուցման, Ալավերդի համայնքի Սանահին կայարանի փող. բարեկարգման, խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար ՀՀ Կառավարության կողմից հատկացվել է 15 մլն 439 հազար 200 դրամ
Ալավերդի համայնքի Սանահին կայարանի Թումանյան փողոցի ԲԲՇ-ների և Քարկոփ բնակավայրի կոյուղու ցանցի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման և կառուցման աշխատանքների համար հատկացվել է 97 մլն 244 հազ դրամ:
Քարկոփի միջնակարգ դպրոցի մասնակի վերանորոգման համար հատկացվել է 18 մլն 458.3 հազ դրամ: Աշխատանքներն ավարտական փուլում են:
Աղետի գոտում գետերի հուների մաքրման աշխատանքների կատարման համար ծառայություն մատուցող կազմակերպությանը հատկացվել է 128 մլն 877 հազ դրամ:
Կառավարության օժանդակությամբ և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կառուցվել և կառուցվում են բարձր կրողունակությամբ ավտոմոբիլային երկաթբետոնե, ինչպես նաև հետիոտնային կամուրջներ: Կառավարության օժանդակությամբ և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կառուցվել և կառուցվում են բարձր կրողունակությամբ ավտոմոբիլային երկաթբետոնե, ինչպես նաև հետիոտնային կամուրջներ:
Մարզային իշխանությունները կշարունակեն գործադրել հետևողական ջանքեր՝ Լոռու մարզում աղետի գոտու խնդրի վերջնական հաղթահարման ուղղությամբ։
Գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման համար Լոռու մարզի 6 համայնքներից ստացվել են 274 դիմումներ: Դիմումները ստուգելուց և քննելուց հետո տրվել է շուրջ 112.7 մլն դրամ փոխհատուցման գումար:
2024 թ. Լոռու մարզպետի աշխատակազմին պետական բյուջեից տարբեր ծրագրերով հատկացվել է 17 մլդ. 855.2 մլն. դրամ, փաստացի ծախսվել է 17 մլդ. 444.3 մլն. դրամ, կամ տարբերությունը կազմել է 410.9 մլն. դրամ, կատարման տոկոսը կազմել է 97.7%: Մարզի համայնքների բյուջեներով 2024թ. եկամուտների տարեկան պլանը կազմել է 23.4 մլդ. դրամ, փաստացի մուտքերը՝ 18.6 մլրդ. դրամ, կամ կատարվել է 79.4%-ով: 2024 թվականի համար համայնքների բյուջեների ֆոնդային մասով պլանային 11.5 մլդ. դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 6 մլդ. դրամ, կամ կատարողականը կազմել է 52.3%, 2023 թվականի կատարողականը կազմել է 3 մլդ. 810.4 մլն. դրամ:
2024 թ. համար համայնքների բյուջեների վարչական մասի կատարողականը կազմել է 103.1%, կամ պլանավորված 13.7 մլդ. դրամի դիմաց փաստացի կատարողական կազմել է 14.1 մլդ. դրամ, այդ թվում սեփական եկամուտները տարվա կտրվածքով նախատեսված են եղել 3.8 մլդ. դրամ, փաստացի հավաքագրումը կազմել է 4.2 մլդ. դրամ, կամ կատարվել է 111.3%:
Տարեցտարի ավելանում են նաև պետության կողմից հատկացվող դոտացիաների գումարները:
2023թ. հատկացվել է 6 մլդ. 863.3 մլն դրամ դոտացիա, 2024թ. 9 մլդ. 807.6 մլն դրամ դոտացիա և 2025թ. 11 մլդ 270.1 մլն դրամ դոտացիա:
Մարզի ղեկավարն անդրադարձել է նաև հողաշինության, ՏԻՄ, հողերի կառավարման, զբոսաշրջության արտաքին կապերի, սոցիալական ապահովության բնագավառներին:
Ամբողջական հաշվետվությունը՝ այստեղ՝ http://lori.mtad.am/files/docs/82619.pdf :
Մարզխորհրդի նիստին 2025թ. առաջին եռամսյակի Լոռու մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարմանն է անդրադարձել Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը՝ նշելով, որ մարզի համայնքների բյուջեներով 2025թ. առաջին եռամսյակի կտրվածքով նախատեսված եկամուտները տարեկան պլանային ցուցանիշի նկատմամբ ապահովվել են 16%-ով, կամ տարեկան նախատեսված 23 մլդ 249.4 մլն. դրամ մուտքերի դիմաց հավաքագրվել է 3 մլդ 710.5 մլն. դրամ, իսկ եռամսյակային պլանի նկատմամբ կատարողականը 63.8% է կամ նախատեսված 5 մլդ 812.3 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 3 մլդ 710.5 մլն. դրամ:
Նա ընդգծել է նաև, որ ՀՀ պետական բյուջեից համայնքների հավասարաչափ զարգացման նպատակով համայնքներին հատկավող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները տարեցտարի ավելանում են և հատկացվող դոտացիան համայնքների բյուջեի սեփական եկամուտների ցուցանիշին գերազանցում է մի քանի անգամ:
Տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության բնագավառում իրականացված աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես է եկել Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը:
Անդրադառնալով համայնքային ծառայության բնագավառին նա մասնավորապես նշել է, որ համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025 թ առաջին եռամսյակում հայտարարվել է 27 մրցույթ, որոնցից կայացել են 12-ը: Հաղթող է ճանաչվել 8 քաղաքացի և թափուր պաշտոններում նշանակել են 8-ը, կայացած 4 մրցույթում հաղթող չի ճանաչվել , 15 մրցույթ չի կայացել քաղաքացիների կողմից դիմումներ չներկայացնելու պատճառով ։
2025 թ. սուբվենցիոն ծրագրերի և պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքն է ներկայացրել Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը: Վերջինիս ներկայացմամբ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի համայնքներից ներկայացվել է 49 սուբվենցիոն ծրագրի նախնական հայտ, առայժմ համայնքներից ներկայացվել է 35 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 128 ենթածրագրով՝ ընդհանուր շուրջ 9.2 միլիարդ դրամ նախահաշվային արժեքով, որից մոտ 5.1 միլիարդ դրամը պետական բյուջեից ֆինանսավորումը կկազմի: Ըստ համայնքների ունենք հետևյալ պատկերը (Վանաձոր՝3, Ստեփանավան՝ 1, Փամբակ՝ 4, Սպիտակ՝ 6, Թումանյան՝5, Ալավերդի՝2, Տաշիր՝ 7, Լոռի Բերդ՝2, Գյուլագարակ՝ 4, Լերմոնտովո՝1):
«Բուսաբուծության աջակցության 2025 թվականի պետական ծրագրերին» իր ելույթում անդրադարձել է գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը՝ նշելով, որ ծրագրի համաձայն նախատեսվում է փոխհատուցել յուրաքանչյուր շահառուի կողմից մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա Լոռու մարզում մշակվող հետևյալ մշակաբույսերի համար՝ հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն), հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ), առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ: Ցանքերը նախատեսվում է իրականացնել բացառապես լաբորատոր փորձաքննություն անցած և հավաստագրված սերմերով: Վարչության պետը հայտնել է նաև, որ գարնանացան հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև 2025 թվականի հունիսի 1-ը, հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ մինչև 2025 թվականի հունիսի 10-ը, իսկ աշնանացան ցորենինը՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը, որոնց հսկողությունն իրականացնում են համայնքները:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել մարզպետի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին և հանրապետական գործադիր մարմիններին, մարզային ծառայություններին, բոլոր ներկաներին՝ մարզի զարգացմանն ուղղված աշխատանքների համար:
-Այսօր ի պաշտոնե մեզ բախտ է վիճակվել ծառայելու մեր հանրությանը, սա մեծ առաքելություն է, որը մեզնից յուրաքանչյուրը պետք է իրականացնի բարձր պատասխանատվությամբ,-ասել է մարզի ղեկավարը: Նա ևս մեկ անգամ առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, բոլոր պետական կառույցներին, միջազգային ու հասարակական կազմակերպություններին, կամավորներին ջրհեղեղի հետևանքների վերացմանն ուղղված մեծածավալ աշխատանքների և աջակացության համար:
Մարզպետը հանդես է եկել նաև մի շարք հանձնարարականներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-17 17:49:17