Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպիտակի բժշկական կենտրոնը միացել է արյունատվության համահայկական արշավին
14.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը, առողջապահական կառույցների ներկայացուցիչներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ, հյուրեր մասնակցել են Առողջապահության նախարարության կողմից հայտարարված և ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի և «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ապրիլի 11-ին անցկացվող արյունատվության ակցիային։
Անվարձահատույց դոնորության արշավի շրջանակում բժշկական կենտրոնում իրականացվել է արյունատվության հանձնման միջոցառում:
Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են ԲԿ-ում, հետևել կամավորության սկզբունքով նախաձեռնությանը միացած բուժաշխատողների և քաղաքացիների արյունատվության գործընթացին, շփվել դոնորների հետ:
Միջոցառումը շարունակվել է բժշկական կենտրոնի դահլիճում:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն իր ելույթում նշել է, որ նախարարության առաջնահերթություններից է դոնորության համակարգի կատարելագործումը և գիտակցված դոնորության մշակույթի ձևավորումը: Նա շնորհակալություն է հայտնել այն անձանց, ովքեր առանց վարանելու իրենց արյունը նվիրաբերում են՝ հանուն մարդկային կյանքի փրկության.
- Ձեր արարքը հպարտության առիթ է մեզ համար: Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին միանալ այս վեհ առաքելությանը: Դարձե՛ք դոնոր, դարձե՛ք կյանքի շարունակության հույս,- ասել է նախարարի տեղակալը:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ևս շնորհակալություն է հայտնել մարդասիրական միջոցառմանը միացած բոլոր կազմակերպություններին և անհատներին, կարևորել բարեգործական նախաձեռնությունը.
- Յուրաքանչյուրի դոնոր դառնալու կամքն ու պատրաստակամությունը կենսական նշանակություն ունեն բազմաթիվ հիվանդների կյանքերի փրկության համար: Ես լիահույս եմ, որ նմանատիպ ակցիաներ մեր մյուս բուժհաստատությունները ևս կնախաձեռնեն,- ասել է Լոռու մարզպետը:
Բանախոսություններով հանդես են եկել նաև բժիշկներ, ոլորտին առնչվող մասնագետներ, ովքեր ներկայացրել են անվարձահատույց դոնորության արշավի նպատակը, խոսել կամավոր դոնորության մշակույթը խթանելու, զարգացնելու և տարածելու կարևորության մասին:
Նրանք հիշեցրել են նաև, որ մեկ հոգու նվիրաբերած արյունը կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք և յուրաքանչյուր դոնորի ներդրումը անգնահատելի է համակարգի համար:
Վարդուհի Սիսակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, կամավորներին և աջակիցներին, ովքեր միացել են կարևոր նախաձեռնությանը: Նա նշել է, որ Սպիտակի բժշկական կենտրոնը պատրաստակամ է շարունակել նման միջոցառումների կազմակերպումը և հետագայում ևս աջակցել արյունատվության արշավին:
ՀՀ ԱՆ արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը հայտնել է, որ նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության այլ մարզերում՝ նպաստելով արյան պահեստների համալրմանը և բարձրացնելով հասարակության իրազեկվածությունը կամավոր արյունատվության կարևորության վերաբերյալ:
Միջոցառումն ուղեկցվել է մշակութային ծրագրով: Ներկայացվել են Սպիտակի գեղարվեստի դպրոցի երեխաների ստեղծագործությունները, կատարումներով հանդես է եկել Սպիտակի երաժշտական դպրոցի երգչախումբը: